1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում բանակին կներգրավեն հեղեղված շրջանների օգնության գործին: Այս մասին հայտնել է երկրի բնապահպանական գերատեսչության ղեկավար Օուեն Փեթերսոնը՝ փոխանցում է BBC-ն:
Մասնավորապես, քննարկվում է ռազմական տեխնիկայի կիրառումը Սոմերսեթ կոմսության՝ ջրհեղեղից տուժած շրջաններ հասանելիության համար: Տեղի խորհրդի ներկայացուցիչը նշել է, որ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ: Նրա խոսքով՝ իշխանությունները զինվորականներից խնդրում են երկկենցաղ մեքենաներ, ավազով լցված հավելյալ պարկեր, ինչպես նաև զինվորներ:
Ավելի վաղ վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ հենց ջրի մակարդակն իջնի, Սոմերսեթում գետերի հուները կխորացվեն:
Սոմերսեթում մի քանի գյուղեր արդեն շուրջ մեկ ամիս կտրված են երկրի մնացած մասից: Կոմսությունում ընդհանուր առմամբ 11.5 հազար հա տարածք է հայտնվել ջրի տակ:



