
«Business Insider»-ը գրում է, որ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Բեհրոխ Խոշնևիսը հսկայական 3D տպիչ է ստեղծել, որը կարող է տուն կառուցել ընդամենը 24 ժամվա ընթացքում: Խոշնևիսի ռոբոտը հագեցած է վարդակով, որը բետոն է արձակում ու տուն կառուցում համակարգչի մեջ՝ նախապես նշված նմուշի կամ մոդելի հիման վրա:
Այս նոր տեխնոլոգիան կարող է արմատապես հեղափոխել շինարարական արտադրությունը:
Տեխնոլոգիան աշխատում է ցեմենտի ու բետոնի արտազատման համակարգով ու ստանում տան հիմքն ու պատերի համակարգը, որից հետո, արդեն երբ ամեն ինչ պատրաստ լինի` անհրաժեշտ կլինի մարդկանց միջամտությունը դռներն ու պատուհանները տեղադրելու համար:
Տան կառուցման այսպիսի եղանակը հրաշալի միջոց է մատչելի միջոցներով տուն ձեռք բերելու, ինչպես նաև վնասված տունը հեշտությամբ վերանորոգելու:
Տան 3D տպիչի տեխնոլոգիան դեռևս փորձարկման փուլում է: Խոշնևիսը հավաստիացնում է, որ այս տեխնոլոգիայի ներդրումը շուկայում աշխատատեղերի նվազեցմանը չի նպաստի ու նույնիսկ կարող է ավելի շատ աշխատատեղեր ստեղծել: Ստորև ներկայացվող տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես է աշխատում այս համակարգը:



