Նրա անխնամ ու խառնված մազերը գունափոխվել են արևից: Նրա մաշկն այլևս առաջվա պես սպիտակ չէ, քանի որ դրա վրա նկատելի են արևայրուքի հետքերը, վնասվածքները ու կծածի տեղերը: Սակայն նրա մաշկի ամեն մի բծի հետ կապված է մի հետաքրքիր պատմություն:
Մի սիրահետիր այնպիսի աղջկա, ով ճանապարհորդում է: Նրան գոհացնելը դժվար է: Սովորական ժամադրությունը նրան մահու չափ կձանձրացնի: Նրա հոգին նոր զգացողություններ ու նոր արկածներ է տենչում: Նրան չես զարմացնի քո նոր ավտոմեքենայով կամ քո թանկագին ժամացույցով: Նա կնախընտրի մագլցել ժայռերով կամ ցատկել ինքնաթիռից, քան լսել քո հոխորտանքը:
Մի սիրահետիր այնպիսի աղջկա, ով ճանապարհորդում է, քանի որ ստիպված ես լինելու հաճախ ինքնաթիռի տոմս գնել նրա համար: Խնջույքները նրան առանձնապես չեն հետաքրքրում: Նա մեծ գումարներ չի ծախսի ինչ-որ հայտնի դիջեյի մասնակցությամբ ակումբային երեկոյի ներկա գտնվելու համար, քանի որ նա գիտի, որ հանգստյան օրերին ակումբում զվարճանալու փոխարեն կարող է մի ողջ շաբաթ անցկացնել շատ ավելի գրավիչ վայրում:
Նա դժվար թե ֆիքսված գրաֆիկով աշխատանք ունենա: Եթե անգամ նա այդպիսի աշխատանք ունի, նա երազում է աշխատանքից ազատվելու մասին: Նա չի ցանկանում աշխատել ուրիշի երազանքի իրականացման համար: Նա իր սեփական երազանքն ունի և քայլ առ քայլ մոտենում է դրան: Նա զբաղվում է այնպիսի աշխատանքով, որը պահանջում է ստեղծարարություն և հարուստ երևակայություն: Նա դիզայներ է, գրող կամ լուսանկարիչ: Մի խլիր նրա ժամանակը՝ բողոքելով քո ձանձրալի աշխատանքից:

Մի սիրահետիր այնպիսի աղջկա, ով ճանապարհորդում է: Նա գուցե կիսատ է թողել իր ուսումը կամ փոխել մասնագիտությունը: Նա չգիտի, թե երբ կստանա մյուս աշխատավարձը, սակայն նա ռոբոտի պես օրնիբուն չի աշխատում: Նա քաղում է կյանքից ամենաքաղցր պտուղները և խրախուսում, որ դու էլ նույն կերպ վարվես:
Մի սիրահետիր այնպիսի աղջկա, ով ճանապարհորդում է, քանի որ նա ընտրել է անորոշություններով լեցուն կյանք: Նա չունի ստույգ պլաններ կամ մշտական հասցե: Նա գնում է հոսանքի հետ և հետևում իր սրտին: Նա ինքն իր գլխի տերն է: Նա ժամացույց չի կրում: Նրա ժամացույցը արևն ու լուսինն են: Երբ ալիքները կանչում են, կյանքը կանգ է առնում, և նա մի պահ մոռանում է մնացած ամեն ինչի մասին: Սակայն նա արդեն հասկացել է, որ կյանքում ամենակարևոր բանը սերֆինգը չէ:
Մի սիրահետիր այնպիսի աղջկա, ով ճանապարհորդում է: Նա երբեք չի փորձի տպավորություն գործել ընկերներիդ կամ ծնողներիդ վրա: Նա գիտի հարգել մարդկանց, սակայն չի վախենում բանավիճել նրանց հետ գլոբալ հարցերի շուրջ:
Նա երբեք չի զգա քո կարիքը: Նա առանց քո օգնության էլ կլուծի իր խնդիրները: Նա լավ է պատրաստում և կարիք չունի, որպեսզի դու վճարես իր ուտեստների համար: Նա չափազանց անկախ է և չի մտահոգվի՝ արդյո՞ք դու կճանապարհորդես նրա հետ, թե ոչ: Նա ապրում է ներկայով: Նա զրուցում է անծանոթների հետ: Նա հանդիպում է բազմաթիվ գաղափարակից մարդկանց աշխարհի տարբեր անկյուններից, ովքեր նույն տարերքն ու երազանքներն ունեն, ինչ նա: Նա կձանձրանա քեզ հետ:
Ուստի երբեք մի սիրահետիր այնպիսի աղջկա, ով ճանապարհորդում է, եթե չես կարող նրան համընթաց առաջ շարժվել: Եթե անկախ քեզնից սիրահարվես այդպիսի աղջկա, չհամարձակվես ստիպողաբար նրան կողքիդ պահել: Ազատ թող նրան:



