Հունվարի 20-ին էլ.փոստով հարցում եմ ուղարկել ՀՀ օմբուդսմենին (քանի որ թեժ գծի 116 հեռախոսահամարն անհասանելի է), թե որքանո՞վ է տեղին կամ օրինական, որ անձնագրային բաժինը (տվյալ դեպքում՝ Վանաձորի) քաղաքացիներին ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկանք տալու համար 1100 դրամ է պահանջում՝ վկայակոչելով կառավարության որոշումը: Առ այսօր որևէ պատասխան օմբուդսմենից չկա. թեպետ հարցման առթիվ ահազանգել եմ նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցի իրավական խմբերով: Ի դեպ, երեկ Հ2-ով ընթացող «Դատական ալիք» հաղորդման ընթացքում նշվեց, որ մի հարցի առնչությամբ իրենք դիմել են օմբուդսմենին, սակայն պատասխան են ստացել, որ օմբուդսմենը մեկ ամիս հետո կարող է միայն ազատ լինել: Լավ, ասենք, օմբուդսմենն զբաղված է կամ բացակայում է երկրից, բա գրասենյա՞կը, որին ահազանգել եմ նաև, որ իրենց «Թեժ գիծն» անհասանելի է: Ի դեպ, Վանաձորի փաստաբաններից մեկը հաստատեց, որ, իրոք, նման տխրահռչակ որոշում գոյություն ունի, ըստ որի ՝ քաղաքացիներին տեղեկանք տալու համար 1100 դրամ են պահանջում: Այդ դեպքում, ո՞րն է այդ գործառույթը ԲՇՏ-ներից վերցնելու և անձնագրային բաժիններին հանձնելու «իմմմմաստը», եթե նրանք էլ են քաղաքացու վիճակը շահարկելու՝ ելնելով այդ տեղեկանքի հույժ անհրաժեշտության հանգամանքից: Պարզապես տարբերությունն այն է, որ ԲՇՏ-համատիրությունները տեղեկանքի պահանջ ներկայացնելու դեպքում նախ ճշտում էին, թե արդյո՞ք քաղաքացին մուծել է պաշտոնապես չհստակեցված և չտարանջատված մուծումները ԲՇՏ-ին կամ համատիրությանը («սպասարկման վարձ» կամ բնակվարձ), որից էլ կախված էր լինում նրանց բարյացակամության աստիճանը՝ տեղեկանք տրամադրելու հարցում, իսկ դա մարդու իրավունքների խախտում էր: Առայժմ մեզ չհաջողվեց պարզել, թե արդյո՞ք ԲՇՏ-ներն այլևս իրավունք չունեն նման տեղեկանք տրամադրելու, և արդյո՞ք դա միայն անձնագրային բաժնի վճարովի մենաշնորհն է:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ