1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ը կրկին համոզված է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը չի կարող մասնակցել անցումային կառավարող մարմնի աշխատանքին, որը պետք է ստեղծվի երկրի 2012թ. հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեի համաձայն: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը:
«Մենք իրադարձությունների զարգացման որևէ տարբերակ չենք տեսնում, որի դեպքում նախագահ Ասադը կկարողանա պահպանել իր օրինականությունն անցումային ժամանակաշրջանում»,- ասել է Ռոդսը և հավելել, որ Վաշինգտոնը հավանական է համարում անցումային ղեկավար մարմնում «կառավարության որոշ տարրերի» մասնակցությունը:
Բարաք Օբամայի խորհրդականը հաստատել է, որ ԱՄՆ-ը առաջընթացի ակնկալիք չունի «Ժնև-2» համաժողովից, սակայն այն օգտակար է համարում, քանի որ համաժողովը մոտեցնում է գլխավոր նպատակին՝ լուծել սիրիական հակամարտությունը խաղաղ ճանապարհով:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով վերջինիս առանձնահատուկ հարաբերություններն Ասադի վարչակարգի հետ:



