1in.am-ը գրում է.
Իրաքի կառավարությունը ծրագրում է նավթի արդյունահանման ծավալը մինչև 2020 թվականը եռակի ավելացնել: Այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով Իրաքի փոխվարչապետ Հուսեյն Ալ-Շահրիստանին՝ տեղեկացնում է Vesti-ն:
Ելույթ ունենալով «Մերձավոր Արևելքի էներգետիկ շուկան» թեմայով համաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր Chatham House բրիտանական վերլուծական կենտրոնը, Հուսեյն Ալ-Շահրիստանին հայտարարել է, որ ընթացիկ տասնամյակում Իրաքը ծրագրում է նավթի արդյունահանման օրական ծավալը հասցնել 9 մլն բարելի: Ներկայում այն կազմում է 3 մլն բարել:
Իրաքի համար նման նախաձեռնությունը հնարավորություն է՝ վառելիք շուկայի առաջատար դիրքից Սաուդյան Արաբիային հեռացնելու և տնտեսության ու ենթակառուցվածքի ինտենսիվ վերականգնում սկսելու համար, որը գրեթե լիովին ոչնչացել է պատերազմի և ներքին հակամարտությունների հետևանքով:
Ավելին՝ նավթի շուկայում իր դիրքերն ամրապնդելու համար Իրաքի իշխանությունները ծրագրում են նպաստել Իրանում արդյունահանման մեծացմանը և նավթի համաշխարհային շուկայում միասնական ճակատով հանդես գալ Սաուդյան Արաբիայի դեմ:
Նրա խոսքով՝ Բաղդադն աշխատում է՝ օգնելու ներդրումներ ներգրավել Իրանում, ինչպես նաև հասնելու պատժամիջոցների լիովին վերացմանը: Իրանն ու Իրաքը միասին ունեն նավթի խոշորագույն պաշարներ, իսկ ներկայում նրանց ներուժը նավթի արդյունահանման ծավալով կազմում է օրական մոտ 12.5 մլն բարել:



