1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա կատարած պետական այցը հասարակական լայն հնչեղություն է ստացել: Քաղաքական այդ կարևորագույն իրադարձությանը լայն անդրադարձ է կատարել նաև մամուլը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:

«Ֆրանսիայի նախագահը Թուրքիայում է այդ երկրի նախագահ Աբդուլահ Գյուլի հրավերով: Սա վերջին 22 տարիների ընթացքում Ֆրանսիայի նախագահի առաջին պետական այցն է Թուրքիա: Այս իմաստով այցին պատմական նշանակություն է վերագրվում: 

Ֆրանսուա Օլանդին երեկ Անկարայում դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակի արարողակարգով: Նախ, Ֆրանսիայի ղեկավարը եղել է Աթաթուրքի դամբարանում, այնուհետ նախագահի նստավայրում նրան դիմավորել են զինվորական պաշտոնական արարողությամբ: Տեղի է ունեցել երկու երկրների նախագահների առանձնազրույց, ինչից հետո Ֆրանսուա Օլանդը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև ընդդիմադիր խոշորագույն` Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ: Վարչապետի հետ առանձնազրույցից հետո ընդլայնված կարգով երկկողմ բանակցություններ են վարվել»,- ասաց Արա Գոչունյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծվել է, որ երկու երկրները բավական բարձր մակարդակի փոխհարաբերություններ ունեն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ խնդիրների շրջանակներում: «Փոխգործակցության ավելի քան 10 փաստաթուղթ է ստորագրվել»,- նշեց նա:

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագրի խոսքով՝ Ֆրանսուա Օլանդի և Աբդուլահ Գյուլի համատեղ մամուլի ասուլիսում հարց է հնչել նաև Հայոց ցեղասպանության մասին: «Ֆրանսիայի նախագահը, մասնավորապես նկատել է, որ պատմական դեպքերի ցավերը համատեղ ցավեր են: Նա շեշտը դրել է հարցի առնչությամբ ֆրանսիական կողմի մոտեցումների վրա ՝ ասելով, որ պատմության վերաբերյալ նյութերը կարող են ցավոտ լինել, բայց, համենայն դեպս, պետք է իրականացվեն: Որոշ թուրքական թերթեր այսօր նույնիսկ գրել են, որ այդ երկրի ղեկավարն իր խոսքում ինչ-որ նոր բանաձևի ազդանշան է տվել: Թուրքիայի նախագահն իր հերթին վերահաստատել է հարցի քննարկման նպատակով պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու հանգամանքը: Նա շեշտը դրել է Թուրքիայում ազատ խոսքին ուղղված օրենսդրական բարեփոխումների վրա, որոնք չեն արգելում արտահայտվել նաև Ցեղասպանության մասին»,- նշեց Արա Գոչունյանը:

Հարցին՝ որքանո՞վ հավանական է համարում, որ Ցեղասպանության թեմայի շուրջ արտահայտած Օլանդի մտքերը կարող են որոշակիորեն ստվերել թուրք-ֆրանսիական հարաբերությունները, թերթի խմբագիրը պատասխանեց. «Իրականում երկու երկրների հարաբերությունները բազմաշերտ, տարբեր ասպեկտներ ներառող հարաբերություններ են՝ տնտեսական, ռազմական, Սիրիայի հարցի շուրջ՝ քաղաքական: Հայկական հարցը այդ հարաբերություններում ընդամենը մեկ գլուխ է և չի կարող խանգարել թուրք-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը»,- ասաց Արա Գոչունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել