Ազգի արժանապատվությունը թաշկինակ չի` ով հասնի, քիթը մաքրիIrates.am-ը գրում է.

Մամուլում հրապարակված Հայաստանում գործող «Գրիբոյեդով» ակումբի մասին լուրը զարմանքի շարքից չէր, այլ ավելի շատ նողկանքի: Ամիսը մեկ հանդիպումներ երևանյան շքեղ որևէ ռեստորանում, «Նաիրի» կոնյակի շուրջ զրույց ու տիրոջ հմայքի տակ մարող տաքուկ քծնագին հայացքներ: Այսպես եմ պատկերացնում այդ հանդիպումները, որոնց համակարգողը Վլադիմիր Պուտինի անխոնջ խոսափողներից մեկը համարվող հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովն է: Իսկ հայերի ընտրանու շարքից հրապարակված որոշ անուններն արդեն բավական են կարծիք կազմելու համար, թե ինչպիսին է «Գրիբոյեդով» ակումբի կազմն ընդհանրապես: Վազգեն Մանուկյան` Հանրային խորհրդի նախագահ, Արմեն Մազմանյան` Կինոյի եւ թատրոնի ինտիտուտի նախկին ռեկտոր, Տիգրան Լիլոյան` Իտար-Տասսի թղթակից, էդվարդ Սանդոյան` Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր, Արա Թադևոսյան` Մեդիամաքսի ղեկավար, Շուշանիկ Արևշատյան` Ռադիո Վանի տնօրեն, Եգոր Գլումով, Շուշան Պետրոսյան, Կարինե Գևորգյան` Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի աշխատակից: Ամենայն հավանականությամբ, գրիբոյեդովցիների շարքը ամբողջական չէ, և Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով նույնպես ակումբի անդամ է, կամ խնայել է ավելի հայտնիներին ու վերևներում կանգնածներին, կամ էլ նրանց հետ հարաբերություններ փչացնելու ցանկություն չունի:

Ովքեր էլ որ լինեն այս ակումբում, փաստն ինքնին զզվելի է: Հարցնող լինի` Կիսելյովի ձեռքից կոնյակ եք խմում, որ ինչ անե՞ք: Պուտինանպաստ քարոզչություն անե՞ք: Կիսելյովին քաղցր-մեղցր ժպտալիս մոռանո՞ւմ եք, ազգայինը դեռ մի կողմ, մարդկային արժանապատվություն ասվածի մասին: Ժողովրդի արժանապատվությունը թաշկինա՞կ եք դարձրել` ով հասնի, քիթը մաքրի: Ձեր ստրուկի հոգեբանությամբ քանի՞ հոգու եք կերակրել այս ընթացքում, քանիսի՞ն եք կարողացել համոզել, որ առանց ռուսների հայերը ոչինչ են, քանի՞սն են հավատացել, որ ռուսները ոտքը քաշեն` Հայաստանը կորած է, քանիսի՞ն եք, ի վերջո, խաբել, որ ռուսները մեր եղբայրներն են, իսկ Պուտինը` ազգի պապան: Էստեղ են ասել` «Գողը տնից չլինի, կովն երդիկից դուրս չի գա»:

 Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել