NewsBook-ի զրուցակիցն է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը.
- Ուկրաինայի ժողովուրդը կոչ է տարածել՝ ուղղված միջազգային հանրությանը, որտեղ մասնավորապես նշվում է. «Սա օգնության մեր վերջին կանչն է։ Վաղը նրանք կարող են անջատել մեր հեռախոսները և ինտերնետը, արտակարգ դրություն հայտարարել և սպանել մեզ՝ այնժամ, երբ միջազգային հանրությունը լռում է և եվրոպական արժեքներին դավանում միայն թղթի վրա»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ուկրաինացիների այս ձևակերպումը։
- Հայերի համար էլ նորություն չէ միջազգային հանրության լռելն ու եվրոպական արժեքների՝ միայն թղթի վրա դավանումը։ Սկսած Բեռլինի կոնգրեսից, երբ բարձրացվում էր հայկական հարցը, եվրոպական երկրներից յուրաքանչյուրն օգտագործում էր այդ խաղաթուղթն ու իր օգտին խնդիրներ լուծում։ Մեծ սպասելիք ունենալ, թե Եվրոպան կգա ու խնդիր կլուծի, կլինի միայն դեպքում, եթե ԵՄ-ն կոնկրետ հարց ունենա լուծելու։
Ես չգիտեմ, թե Ուկրաինայի դեպքում Եվրոպան ինչ խնդիր ունի ձևակերպած։ Օրինակ, Կոսովայի դեպքում այդ խնդիրն ավելի հստակ է, Խորվարթիան և Սերբիան բաժանելն ավելի հստակ է։ Ի վերջո, եվրոպական միջամտությունն այն կերպ չի լինում, ինչպիսին մենք սպասում ենք։ Եվրոպան, առհասարակ, բավական չեղոք է օգնում՝ կոչ անելով չխախտել մարդկանց իրավունքները, թույլ տալ, որ ժողովուրդներն իրենք իրենց խնդիրները լուծեն։
- Ամեն դեպքում, փաստ է, որ Մայդանում հարյուրավոր ցուցարարներ ծանր վիրավորվել են, նրանց թվում տասնյակ բժիշկներ և լրագրողներ են, որոնց վրա միտումնավոր կրակել են «Բերկուտա»-ի դիպուկահարները՝ հատկապես նշանառության տակ առնելով մարդկանց աչքերը։ Ներքին գործերի նախարարության ուժերը ծանր վիրավորներին զրկել են հիվանդանոցում օգնություն ստանալու իրավունքից, նրանց ձեռնաշղթաներ են հագցրել, տանջել և նվաստացրել։ Բայց միջազգային հանրությունը կատարվածի վերաբերյալ, կարծես, չի շպտապում կոշտ դատապարտում հղել։
- Կարծում եմ, դեռ կլինեն այդ դատապարտողները։ Բայց եվրոպական արժեքների մեջ հիմնական դրույթն այն է, որ յուրաքանչյուրը պետք է պայքարի իր ազատության համար։ Եվ խրախուսում է իր ազատության, իր իրավունքների համար պայքարողներին։ Բայց ամենևին չի պատրաստվում գալ ու զենքով կանգնել քո պայքարի հրապարակում։ Պարզապես, ամբողջ հարցն այն է, որ Ուկրաինայի ժողովուրդը քաղաքական օգնություն է ակնկալում Եվրոպայից։
- Իսկ մենք՝ հայաստանյան հասարակությունն, ի՞նչ կարող է անել Մայդանում պայքարող ուկրաինացիների համար։
- Հայկական երկու բևեռներն էլ՝ և՛ ԵՄ-ի, և՛ ՄՄ-ի կողմնակիցներն իրենց ակցիաներն արել են։ Կարծում եմ, Հայաստանի ազատ քաղաքացիներն ամեն կերպ արտահայտել են իրենց աջակցությունը Ուկրաինացի ժողովրդին։ Հայկական ամենամեծ օգնությունը ուկրաինացիներին իրենց համերաշխության արտահայտումն է։ Ի դեպ, Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել ավելի հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել Մայդանի հանդեպ և քաղաքական լուծումներ առաջարկել։
Հարցազրույցը՝ Մարինա Բաղդագյուլյանի