29.01.2014թ.
Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչների և ՀՅԴ Հայ Դատի աշխատանքների շնորհիվ ԱՄՆ-ում սկսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման սատարող բանաձևերի շարքը հաճախակի են համալրվում:
ԱՄՆ-ի ամենախոշոր քաղաքներից մեկի ներկայացուցչական մարմինը՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել, որի համաձայն, խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն:
Բանաձևում նաև կոչ է արվում միջազգային հանրությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն` միաժամանակ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպաստում է Կովկասի տարածաշրջանի կայունությանը՝ անցկացնելով ազատ և արդար ընտրություններ:
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն իր ընդունած բանաձևում հիշատակում է նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար մղված պայքարը, որը ոգեշնչեց նաև տարածաշրջանի շատ ժողովուրդների: Բանաձևի հեղինակն է Լոս Անջելեսի խորհրդի հայազգի անդամ Պոլ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևեր են ընդունել նաև ԱՄՆ Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեյն, Լուիզիանա, Մերիլենդ նահանգները և Ֆրեզնո քաղաքը և այլն:



