Ռուս նշանավոր գրող, դրամատուրգ Անտոն Պավլովիչ Չեխովը ծնվել է 1860 թվականի հունվարի 29-ին: Նա բազմաթիվ պատմվածքների, վիպակների, պիեսների հեղինակ է։ Չեխովի «Ճայը», «Քեռի Վանյան», «Երեք քույրերը» և «Բալենու այգին» պիեսները ճանաչվել են համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ։ Պատմվածքներից աչքին են ընկնում «Կաշտանկան», «Շնիկով տիկինը» և այլն։ Չեխովի բոլոր հիմնական երկերը թարգմանվել են հայերեն:
Անտոն Չեխովը 1879 թ.-ին ավարտել է ծննդավայրի գիմնազիան, 1884 թ.-ին՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և որոշ ժամանակ զբաղվել բժշկությամբ: Առաջին պատմվածքը լույս է տեսել 1880 թ.-ին, «Ստրեկոզա» ամսագրում՝ Անտոշա Չեխոնտե կեղծանունով: 1886 թ.-ին աշխատել է Սանկտ Պետերբուրգի «Նովոյե վրեմյա» թերթում:
Չեխովի պատմվածքների առաջին գիրքը՝ «Մելպոմենեի հեքիաթները», տպագրվել է 1884 թ.-ին, այնուհետև լույս են տեսել «Խայտաբղետ պատմվածքներ» (1886 թ.) ժողովածուն, «Տափաստան», «Անվանակոչություն» (երկուսն էլ՝ 1888 թ.), «Նոպա», «Տաղտկալի պատմություն» (երկուսն էլ՝ 1889 թ.) պատմվածքներն ու վիպակները, «Աղջամուղջում», «Անմեղ խոսքեր» (երկուսն էլ՝ 1887 թ.), «Պատմվածքներ» (1888 թ.), «Մռայլ մարդիկ» (1890 թ.) ժողովածուները: 1887 թ.-ին բեմադրվել է առաջին պիեսը՝ «Իվանովը»:
1898 թ.-ին առողջության վատթարացման պատճառով գրողը հաստատվել է Յալթայում: Հանդիպումներ է ունեցել Լև Տոլստոյի, Մաքսիմ Գորկու, Իվան Բունինի, Ալեքսանդր Կուպրինի, Իսահակ Լևիտանի հետ: 1900 թ.-ին Չեխովն ընտրվել է Ռուսաստանի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, բայց 1902 թ.-ին, երբ Նիկոլայ II ցարը Մաքսիմ Գորկուն զրկել է ակադեմիկոսի կոչումից, որպես բողոքի արտահայտություն` նա հրաժարվել է այդ կոչումից: 1904 թ.-ին բուժվելու նպատակով Չեխովը մեկնել է Գերմանիա՝ Բադենվայլեր, որտեղ էլ մահացել է:
Իր գործերում Չեխովը մերժում է բոլոր կաղապարները՝ բարոյական, սոցիալական, փիլիսոփայական, կրոնական և այլն: Նրա հասուն շրջանի ստեղծագործությունների հերոսը կամ «պատյանի» մեջ փակված, կրթված ու անտարբեր կերպար է, կամ ժողովրդի ծոցից ելած մոռացված ու տանջված մարդ («Երեք տարի», 1895 թ., «Վերնահարկով տունը», 1896 թ., «Շնիկով տիկինը», 1899 թ., «Նոր ամառանոց», 1899 թ., վիպակներ ու պատմվածքներ, «Մարդը պատյանի մեջ», «Հաղարջ», «Սիրո մասին», եռերգություն, 1898 թ., և այլն):
Ռուսաստանի հայաբնակ վայրերում Չեխովն առնչվել է նաև հայերի հետ, ծանոթացել նրանց սովորույթներին, տպավորությունները գրել ճամփորդական նոթերում ու նամակներում: Նրա «Գեղեցկուհիներ» պատմվածքը (1889 թ.) մի հայ ընտանիքի պատմություն է: Ալեքսանդր Սպենդիարյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի հետ ունեցել է ստեղծագործական և բարեկամական կապեր:
Չեխովի գործերից հայերեն թարգմանել են Նար-Դոսը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Վարդգես Միքայելյանը և ուրիշներ: Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Ուշացած ծաղիկներ» (1917 և 1969 թթ.), «Մարդը պատյանի մեջ» (1939 և 1983 թթ.), «Հարսանիք» (1944 թ.), «Շնիկով տիկինը» (1960 թ.), «Քեռի Վանյան» (1970 թ.), «Ճայը» (1970 և 2005 թթ.), «Կաշտանկա» (1975 թ.), «Գյուղական կյանք» (1994 թ.), «Հիվանդասենյակ դ 6» (2009 թ.) և այլ կինոնկարներ:
Ռուս նշանավոր գրող Լեւ Տոլստոյը նրա մասին ասել է. «Չեխովն արձակի Պուշկինն է»:
Նա մահացել է 1904 թվականի հուլիսի 15-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: