Ուկրաինայում ճգնաժամը գնալով խորանում է: Սա արդեն կամաց-կամաց նմանվում է Արաբական գարնան բովով անցած երկրների սցենարին: Սա գուցե առայժմ մի քիչ ծայրահեղ մոտեցում է, բայց փաստը մնում է փաստ, որ երկիրը գնալով ընկղմվում է քաոսային իրավիճակում: Այս օրերին բոլորս հիմնականում կենտրոնացած ենք Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական զարգացումների վրա, և ոչ ոք մեկ վայրկյան անգամ չի մտածում այդ երկրին հասցվող լուրջ սոցիալ-տնտեսական երկարաժամկետ վնասների մասին: Մի շարք վերլուծաբաններ նույնիսկ խոսում են Ուկրաինայում սպասվող դեֆոլտի մասին: Ներկայացնենք մի քանի փաստ երկրի տնտեսական վիճակի մասին՝ ըստ 2013թ.-ի վիճակագրության:

Այսպիսով, 2013-ին Ուկրաինան պաշտոնապես հայտնվեց կամ էլ անցում կատարեց տնտեսական ռեցեսիայի փուլ: Երկրի ՀՆԱ-ն 2012-ից սկսած լուրջ անկում էր գրանցում՝ կապված արտահանման կրճատման և ներքին սպառման տեմպերի նվազման հետ: 2013թ.-ի սեպտեմբերի տվյալներով՝ Ուկրաինայի արժութային պահուստները կազմել են շուրջ $21.652 մլրդ, որը 8 մլրդ-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Նույն 2013թ.-ի օգոստոսի տվյալներով՝ պետական պարտքը կազմել է $69.2 մլրդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է $20մլրդ-ով: Դրան զուգահեռ շարունակում է վատթարանալ երկրի առևտրային բալանսը (balance of trade), և տեղի է ունենում կապիտալի և ուղեղների մասսայական արտահոսք, էլ չենք խոսում մնացած ընդհանրական խնդիրների մասին, որոնք բացասաբար են անդրադառնում երկրի տնտեսության վրա (կոռուպցիայի և հանցավորության շարունակական աճը, և այլն): 

Սրանք զուտ պաշտոնական վիճակագրական տվյալներ են, և դեռ հայտնի չէ, որ նման իրավիճակում գտնվող երկրում տեղի ունեցող այս քաղաքական ճգնաժամն իր հերթին ինչ խնդիրների առջև կկանգնեցնի ոչ թե Ուկրաինայի իշխանություններին և ընդդիմությանը, այլև հասարակ ուկրաինացուն: Հենց առաջին բանը, որ տեղի է ունենում նման իրավիճակներում, դա այն է, որ միջազգային ներդրողները պարզապես կա՛մ փախչում են երկրից` հետները տանելով իրենց ամբողջ կապիտալը, կա՛մ ներդրում առհասարակ չի լինում այն բոլոր պոտենցիալ ներդրողների կողմից, որոնք կարող էին խթանել Ուկրաինայի տնտեսական զարգացումը կամ առնվազն մեղմել դրա անկումը: Իսկ նման պայմաններում հասկանալի է, որ աճում է գործազրկությունը և սրվում սոցիալական վիճակը: Սա շատ տարրական, բայց միևնույն ժամանակ աքսիոմատիկ վերլուծություն է հնարավոր զարգացումների վերաբերյալ:

Ես անկեղծորեն ուզում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը և բոլոր հիմնական քաղաքական ուժերը իմաստուն գտնվեն և փորձեն հնարավորինս արագ քաղաքական և պրագմատիկ լուծում գտնել` երկիրը, բառի բուն իմաստով, փրկելու համար: Սա շանս է, որ ժողովուդը, այլ ոչ թե որոշ ավանտյուրիստներ հասկանան, որ աշխարհում գոյություն ունի մի շատ դառը, բայց ճշմարիտ իրականություն` Революции задумывают романтики, осуществляют фанатики, а их результатами пользуются подонки. (Отто фон Бисмарк)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել