Անընդհատ թմբկահարվում է Ասոցացման համաձայնագրի, Մաքսային միությանը անդամակցելու խնդիրները, խոսվում երկրի ինքնիշխանության կորստի վտանգի մասին: Անընդհատ արևմտյան կողմնորոշման մոլեռանդ ջատագովները խոսում են այն առավելությունների և ազատությնների մասին, որ կտար այդ համաձայանգրին անդամակցելը: Սակայն, չգիտես՝ ինչու, մոռանում են, որ Եվրամիությանը երկար տարիներ անդամակցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունաստանը, Պորտուգալիան, ինչու չէ նաև Իսպանիան, մի քանի այլ երկրներ մշտապես տնտեսական, քաղաքական ցնցումների, ճգնաժամների և դրա հետևանքով մասսայական դժգոհությունների, գործադուլների մեջ են:
Իսկ ինքնիշխանության կորստի մասին խոսացողները մոռանում են, թե ինչ տարբերություն, թե ում թաթն է մեր գլխին` եվրոպացիների, թե ռուսական արջի…Արդյունքը մեծ հաշվով մեկ է…
Ի սկզբանե, եվրոպացիները կարծես մի նոր Բեռլինյան պատ «տեղադրեցին» Ռուսաստանի և համաձայնագրի շուրջ բանակցող հետխորհրդային երկրների միջև: «Կամ-կամի» կատեգորիկ պահանջը ստիպում է գրեթե լիովին խզել հարաբերությունները Ռուսատանի հետ և առանց տվյալ երկրների անվտանգության, տնտեսական զարգացման առանձնահատկությունները, ինտեգրացիոն խնդիրները, տնտեսական տասնյակ տարիներ շարունակ ստեղծված կապերը հաշվի առնելու:
Եվ Բեռլինյան պատը ոգևորությամբ քանդողները, այժմ իրենք են փորձում մի այդպիսի անառիկ պատ ստեղծել Ռուսաստանի և իրենց` իրենց հետ համագործակցող երկրների միջև…Մինչդեռ 21-րդ դարում կրկին սառը պատերազմին վերադառնալը, «պատերով» առանձնանալը, հարևանների հետ ընտրողաբար համագործակցելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի…



