Ֆրանսուա Օլանդը Թուրքիա կատարած իր այցի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին և կոչ արել Թուրքիայի իշխանություններին ճանաչել այդ փաստը: Շարունակելով թեման` նա ասել է, որ նման իրադարձություններ հիշելը միշտ էլ ցավոտ է, սակայն անհրաժեշտ, վերջում հավելելով, որ Ֆրանսիան, այնուամենայնիվ, կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքը: Սա, ինչ խոսք, Օլանդի օրակարգի ամենագլխավոր թեման չէր Ֆրանսիայի համար, բայց մեզ համար նման հայտարարությունը Ֆրանսիայի պես երկրի ղեկավարի կողմից լսելը և այն էլ հենց Թուրքիայում, մեծ հաջողություն է և ոգևորության առիթ: Սովորաբար երկրների ղեկավարները կա՛մ ավելի մեղմ դիրքորոշում են որդեգրում թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, կա՛մ էլ առհասարակ «մեղքը» բարդում են օրենսդիր մարմնի վրա և ասում, որ կառավարությունը խորհրդարանի հետ համակարծիք չէ: Օլանդը արեց մի բան, որ ոչ ոք երբևէ չէր արել:
Մենք միշտ ասում ենք, որ Մեծ եղեռնի ճանաչման հարցն առաջին հերթին մեզ համար բարոյական հարց է, հետո հավելում, որ դրա նպատակը մեր անվտանգության երաշխիքն է, ասել է թե, որ նման բան մեզ հետ այլևս չպատահի, և դրանից հետո միայն որոշ շրջանակներում (ոչ երբեք պաշտոնական) խոսում ենք փոխհատուցման մասին` դրանով իսկ քաղաքականացնելով այս հարցը:
Գաղտնիք չէ ոչ ոքի համար, որ միջազգային հարաբերություններում Հայոց հարցը բացառապես քաղաքական բնույթ ունի: Այլ կերպ ասած, այս հարցը շահարկվում է տարբեր օտարերկրյա պետությունների կողմից, երբ անհրաժեշտություն է առաջանում որոշակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Ֆրանսիան այդ հարցում բացառություն չէ, և թող ոչ ոք չհավատա, որ ֆրանսիացիներն ինչ-որ բան անում են մեր սիրուն աչքերի համար: Կա Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու հարցը, առկա են խնդիրներ առևտրային հարցերում, մասնավորապես ռազմական արդյունաբերության ոլորտում, ներդրումների խնդիր, մասնավորապես Թուրքիայի ատոմային էներգիայի ոլորտում, որտեղ, ինչպես հիշում եք, պետք է խոշոր ներդրում անի Ռուսաստանը, իսկ Ֆրանսիան հանդիսանում է այս ոլորտում առաջատարներից մեկը, կա քրդական և Միջին Արևելքի հարց, ինչպես նաև շատ և շատ այլ հարցեր, որոնք հօգուտ Ֆրանսիայի լուծման համար ֆրանսիացիք շատ հանգիստ օգտագործում են, ինչպես Հայկական հարցը, այնպես էլ մի շարք այլ լծակներ նպատակին հասնելու ճանապարհին:
Ես բնավ չեմ ցանկանում թերագնահատել մեր Սփյուռքի ջանքերը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման գործում: Այնպես չէ, որ նրանք ոչ մի ազդեցություն չեն գործում տարբեր երկրների արտաքին քաղաքական օրակարգի վրա, բայց ես պարզապես վստահ եմ, որ մեծ քաղաքականության մեջ ազդեցություն չեն գործում նույնիսկ մեծ երկրների քաղաքացիները, ՀԿ-ները և այլ կազմակերպությունները, էլ ուր մնաց մեր Սփյուռքը, եթե, իհարկե, Սփյուռքում չկան այն անհատները, ովքեր, ենթադրենք, չեն մասնակցում ամենամյա Բիլդերբեգյան խմբի հավաքներին (Bilderberg Group), որտեղ հավաքվում են աշխարհի տարբեր ոլորտներից ամենաազդեցիկ մարդիկ և կոորդինացնում իրենց քայլերը աշխարհի հետագա ընթացքի վերաբերյալ:
Սա, ի դեպ, չի օգտագործվում միայն Թուրքիային ճնշելու համար: Սա նույնիսկ օգտագործվում է ներքաղաքական կյանքում որոշակի դիվիդենտներ շահելու համար: Այսօր Օլանդի վարկանիշը շատ ցածր է, և նա պետք է բոլոր միջոցներն օգտագործի, որպեսզի կարողանա հաղթել գալիք ընտրություններում, որին, ի դեպ, կրկին թերևս առաջադրվի Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:
Վերադառնալով, այնուամենայնիվ, հարցի շահարկամանը` ուզում եմ ասել, սիրելի հայրենակիցներ, որ մենք` հայերս, մեր հարցի շահարկման վտանգներն արդեն իսկ հասցրել ենք մեր մաշկի վրա զգալ դեռ նախորդ դարասկզբին, երբ մենք դրա պատճառով գրեթե չվերացանք աշխարհիս երեսից, այնպես որ, իմ միակ մտահոգությունն այն է, որ մենք չհայտնվենք նման իրավիճակում ևս մեկ անգամ: Խնդրում եմ սխալ չհասկաալ, ես կոչ չեմ անում կանգնեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, այլև կոչ եմ անում լինել զգուշավոր և իրատես:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/643368465730334?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել