Եթե մարդ ամեն օր հարատև ծնունդ կապրի, ապա Վազգենն ամեն տարի այս օրն վերստին կծնվի՝ հայոց ազգի, հայոց բանակի ու հայ ժողովրդի սրտերում: Մեծ էր սպարապետի դերը հայոց բանակաշինության գործում: Ինչպես ասում են, նա ֆիդայուց զինվոր ստեղծեց, իր հոգու թաքուն ծալքերում բոցավառելով Հայաստանը միասնական և զորեղ տեսնելու հավատը: Արդյո՞ք նախախնամության խորհուրդ էր սա, թե առեղծվածային մի ուժ տիրական, որ օրհասական պահին ծնունդ առավ հերոս ազգի հայ զավակ, ով առաջնորդեց ողջ ժողովրդին և վերստին պատգամեց միասնականություն:
Ասաց ` «Էլի մի քիչ համբերություն, փոխադարձ հանդուրժողականություն, և 21-րդ դարը մերն է լինելու»:
Հայաստանի գրողների միության անդամ, արձակագիր Վազգեն Սարգսյանը` որպես ռազմական և պետական գործիչ, ձևավորվել է Արցախյան շարժման ընթացքում:
Գրչակից ընկերների բնութագրմամբ` «Նա փխրուն հոգի ուներ, զգայուն էր, ժպտերես, ուժեղ, սուր թիրախային հրապարակախոս էր և անզիջում գրող էր, պինդ գրիչ ուներ: Ուղղամիտ մարդ էր»:
Մարտատենչ և պատկառազդու զավակն 1990-1991 թվականներին նրա հրամանատարության ներքո միավորեց երկրապահ կամավորական ջոկատները: Նա կերտեց մի ողջ ազգի կենսագրություն, համախմբեց ու ստեղծեց ընդհանուր ղեկավարությամբ զորք, որը հայկական բանակի կազմավորման հիմք դարձավ:
Ազատամարտի տարիներին Վազգենն իր նամակներից մեկում գրել է. «Կարոտում եմ իմ ֆուտբոլի դաշտը, եղբորս որդուն, բայց կարոտս սարսափելի է` հարյուրավոր ընկերներ եմ կորցրել, հավատ եմ կորցրել, համբերություն, սակայն չեմ փոշմանում, ես բախտավոր մարդ եմ ու նախընտրում եմ հանգիստ մեռնել»:
Մի առիթով նրան հարցնում են ` Ո՞վ եք դուք:
- Ես Վազգեն Սարգսյանն եմ..
- Իսկ ո՞վ Է Վազգեն Սարգսյանը:
- Կգա Ժամանակը, և այդ մասին ես ձեզնից կհարցնեմ:
Այո, եկել է ժամանակը, այսօր նրա անունն հուրհրում է հայի կրծքում, հայոց հող ու ջրի հարազատ զավակն է, նա ծնվեց ճիշտ ժամանակին և պապերի չիրականացված երազի իրականցված երազը դարձավ. Դարձավ սպարապետ, հայոց առաջնորդ, կյանքի արշալույս և իր մայրիկի ամեն կաթիլ արտասուքը պիտ սրբագործվի ոգու փորձությամբ ամրացած մարդու կատարած գործով. «Մեր շատ սիրելի Գրետա մայրիկ, դուք դարձաք որդեկուրույս մայր, բայց մենք ազգովի գտանք մեր երկրորդ սպարապետին, երևի դուք չեք էլ գիտակցել, որ ձեր բարուրում սնում ու մեծացնում էիք մեր ապագա սպարապետին ... »
Հեղ . Էլեն Թուլումջյան



