Բլոգեր Areyon-ը իր գրառումներից մեկում անդրադարձել է Ռեգնումին տված իմ հարցազրույցին: Բլոգերը, մասնավորապես գտնում է, որ ես ծայրահեղության մեջ եմ ընկել նշելով, որ «Արցախի գրեթե ամբողջ տնտեսությունը կենտրոնացել է քաղաքական ղեկավարության և նրա շրջապատի ձեռքում»: Վստահաբար բլոգերն Արցախից տեղյակ չի, հակառակ դեպքում կնկատեր թե ովքեր են իրականացնում շինարարությունը, կառուցում առևտրի կենտրոններ, ում ձեռքին են գտնվում տաքսի ծառայությունները, հյուրանոցները, տարբեր ձեռնարկություններ և խանութներ: Կտեսներ, թե ինչպես են Արցախից հեռանում գործարարներ, և թե ովքեր են տիրանում նրանց բիզնեսին և գույքին:

Բլոգերը նաև զարմացել է, թե՞ ինչպես կարելի է մեղադրել Արցախի իշխանություններին, արցախյան խնդրի կարգավորման գործում առաջընթաց չլինելու մեջ, քանզի դրա մեղավորը “Ишак Геевич Алибабаев”-ն է: Փաստորեն, ըստ բլոգերի, կարգավորման գլխավոր դերակատարը Ադրբեջանի նախագահն է: Միայն կարելի է զարմանալ նման տրամաբանության վրա: Արցախի խնդրի կարգավորման ամենագլխավոր դերակատարը Արցախն է, որը պետք է ակտիվ քաղաքականություն վարի: Իմ նախընտրական ծրագրում հստակ նշված է, որ Արցախյան հակամարտության հետ կապված պետք է լինի ՀՀ և ԼՂՀ լիազորությունների և պատասխանատվության ոլորտների հստակ սահմանում, ինչն էլ թույլ կտա Արցախը բանակցությունների օբյեկտից վերածել բանակցությունների սուբյեկտի:

Areyon-ին վրդովեցրել է նաև իմ այն միտքը, որ հարկավոր է նոր մոտեցումներ մշակել Մինսկի խմբի շրջանակներում կամ դրանից դուրս: Այստեղից նա հետևություն է արել, որ Մինսկի խմբից դուրսը դա ՄԱԿ-ն է, որտեղ մեծամասնություն են կազմում մահմեդական երկրները, որոնք էլ քվերակելու են Ադրբեջանի օգտին, մի խոսքով ես ասել եմ այն, ինչ “Азибаран”-ն է ուզում: Ցավում եմ, որ բլոգերը այսքան նեղ պատկերացումներ ունի հակամարտությունների լուծման վերաբերյալ, և սահմանափակված է Մինսկի խմբի մասին կարծրատիպերով:

Չարձագանքելով բլոգերի կողմից իմ հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերին` պետք է նկատել, որ հեղինակը հայաստանյան և արցախյան իրականությունից կտրված, միայն վիրտուալ կյանքով ապրող անձ է, ում մոտ արտաքին քաղաքական շաբլոնները կարծրատիպային մտածողություն են ձևավորել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել