Aravot.am-ը գրում է.
Ինչո՞վ է ավարտվելու Կիեւում եւ Ուկրաինայի այլ քաղաքներում իշխանության եւ ընդդիմադիր տրամադրություններ ունեցողների բազմահազարանոց դիմակայությունը: Ինչպես սիրում են քաղաքագետներն ասել՝ ժամանակը ցույց կտա: Շատ հնարավոր է, որ Յանուկովիչին հաջողվի Ռուսաստանի քաղաքական եւ, պարզ ասենք՝ ուժային աջակցությամբ ճնշել ըմբոստությունը: Բացառված չէ նաեւ, որ լինեն որոշակի պայմանավորվածություններ՝ ընդդիմության եւ իշխանության միջեւ: Բայց պատմական հեռանկարի առումով, ինձ թվում է, որ սեփական եւ ուրիշի երկիրը զուտ ուժային մեթոդներով ղեկավարելը դատապարտված է: Բոլոր ազգերն անցել են այդ «ուժային» ճանապարհը՝ եվրոպացիները, ամերիկացիները, չինացիները: Ոչ ոք իր «մենթալիտետով» ավելի լավը չէ, քան ռուսները, ուկրաինացիները, հայերը կամ բելառուսները: Պարզապես ոմանք ժամանակին հասկացել են, որ դա արդյունավետ ճանապարհ չէ: Ավելի քան 10 տարի առաջ Վլադիմիր Վոյնովիչը, չընդունելով Ալեքսանդր Սոլժենիցինի քաղաքական հայացքները (այն ժամանակ ռուս մեծ գրողը դեռ ողջ էր), վիճարկում էր հատկապես այն կետը, թե իրավունքներից առաջ պետք է լինեն պարտականությունները: «Դրա հետ ոչ մի կերպ չեմ համաձայնի, – գրում է Վոյնովիչը: – Անիրավ մարդը ստրուկն է: Քաղաքացին կատարում է իր պարտականությունները արժանապատվորեն եւ ազնվորեն միայն այն դեպքում, երբ գիտի՝ դրանք պարտականություններ են մի հասարակության առաջ, որը հարգում է իրեն եւ իր իրավունքները: Եվ համապատասխանաբար` իր կողմից հարգված հասարակության: Ստրուկը ենթարկվում է, բայց նրա աշխատանքից վնասն ավելի շատ է, քան օգուտը»: Կարծես թե, պարզ, անհերքելի ճշմարտություններ են: Սակայն թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության մեջ այդ ճշմարտությունները դժվարությամբ են ճանապարհ հարթում: Տարբեր երկրներում, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանում, ժամանակ առ ժամանակ առասպելներ են առաջանում ինչ-որ «ուրույն ճանապարհի» մասին: Այդ պատկերացումների շրջանակներում է ի հայտ գալիս «հատուկ առաքելության» մասին հեքիաթը, որից առաջին հերթին տուժում է ռուս ժողովուրդը, որովհետեւ այդ «առաքելությունը» քաղաքականապես, բարոյապես եւ նյութապես շատ թանկարժեք «խաղալիք» է: Շատ ավելի ռացիոնալ, պրագմատիկ կլինի Կրեմլի կողմից հանգիստ թողնել ուկրաինացիներին եւ նախկին կայսրության այլ պետություններին՝ թող իրենք որոշեն, թե ինչպես են ուզում ապրել: Միեւնույն է, ճնշելով ոչ մի բան դուրս չի գա: Վաղ թե ուշ այդ ազգերը ձեռք կբերեն իրական անկախություն, եւ այս բոլոր բռնությունների պատճառով ժողովուրդների մեջ տհաճ նստվածք կմնա: Ինչպես, ասենք, հիմա ռուսների եւ բուլղարների միջեւ է՝ պատմական բազմաթիվ սերտ կապեր ունեցող ազգերի: Ռուսաստանի իշխանությունները պատրանք ունեն, որ իրենց եվրասիական ծրագրերով փրկում են սեփական երկիրը: Ինձ թվում է, ճիշտ հակառակը. անիմաստ ռեսուրսներ ծախսելով այդ ոչ իրատեսական ծրագրերի վրա, Ռուսաստանը վատացնում է իր՝ առանց այդ էլ ոչ բարվոք վիճակը, առաջին հերթին՝ տնտեսական: Մենք ունենք Չինաստանի դրական օրինակը, որը ոչ մեկին չի ցանկանում գաղութացնել, ոչ մի «չինաեվրոպական» միության մասին չի խոսում, բայց դանդաղ ու հաստատուն քայլերով ուժեղացնում է իր ազդեցությունն աշխարհում: (Ի դեպ, ճիշտ կլիներ, հավանաբար, որ մեր պետական, քաղաքական եւ տնտեսական գործիչները, բացի եվրոպականից եւ ռուսականից, ուշադրություն դարձնեին չինական ուղղության վրա): Իրանը նույնպես, հավանաբար, մոտ ապագայում կմեծացնի իր դերը տարածաշրջանում (ինչն, իհարկե, մեզ համար միանշանակ ձեռնտու է) եւ դարձյալ չի փայփայի «պանիրանական» ծրագրեր
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



