«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը դիմում-առաջարկ է ներկայացնում ՀՀԿ-ԲՀԿ օլիգարխներին.

«Ադրբեջանը ունի նավթ, իսկ Հայաստանը քաղցրահամ ջուր, որի գինը արդեն այսօր շատ երկրներում նավթից էլ թանկ է, իսկ ամբողջ աշխարհի մասշտաբով, ուր բնակչությունը սրնթաց տեմպերով աճում է՝ բերելով քաղցրահամ ջրի հսկայական պահանջարկ արդեն 2030թ.-ին մարդկանց 50 տոկոսը տառապելու է քաղցրահամ ջրի պակասից: Ընդ որում ամենաթանկ արժեքը այն ունենալու է հենց մեզ շրջապատող տարածաշրջաններում ու երկրներում՝ Մերձավոր Արեւելք, Պարսից ծոցի երկրներ, Միջին Ասիա, Ադրբեջան: Նաեւ հայտնի է որ 21-րդ դարի պատերազմները լինելու են քաղցրահամ ջրի համար: Սակայն եթե այսօր Ադրբեջանը իր նավթը անգամ թանկ գնով չի վաճառում Հայաստանին, համարելով մեզ իր ոխերիմ թշնամի, ապա Հայաստանը ամեն տարի միլիոնավոր խորանարդ մետր քաղցրահամ ջուր է նվիրում այդ երկրին: Պատճառը. Հայաստանը գրաված օլիգախներն ու օլիգարխիկները Սեւանի ափին ամառանոցներ եւ հյուրանոցներ ունեն, որի պատճառով Հայաստանը չի կարողանում իր այդ բնական պահեստարանում սերունդների համար ամբարել 21-րդ դարի ոսկին: Եւ հենց Սեւանի ջրի մակարդակը հասնում է իրենց ամառանոցներին՝ իրենց կառավարությունը հայտարարում է որ այս տարի չորային է եւ պետք է շտապ ջուր բաց թողնել Սեւանից: Դեպի Ադրբեջան:

Ես՝ որպես օլիգարխներին եւ օլիգարխիկներին պարտված ժողովրդի հասարակ ներկայացուցիչ առաջարկ ունեմ անելու: Շատ էլ որ հաղթել եք ժողովրդին: Առանց ժողովրդի ձեր անսպառ ագահությանը ինչպե՞ս եք հագուրդ տալու: Ուրեմն գոնե մեկ-մեկ էլ լսեք մեր ձայնը եւ ի նպաստ մեզ էլ քայլեր արեք: Դե իհարկե, առանց ձեր գրպանային շահերին վնասելու (հաղթողներին չեն դատում. ճարներս ի՞նչ): Ուրեմն լսե՛ք: Առաջարկում եմ ձեզ ավելի անկեղծ լինել եւ Սեւանից հերթական անգամ ջուր բաց թողնելու օրենսդրական նախաձեռնության փոխարեն ԱԺ բերել Սեւանի ափին գտնվող ձեր սեփականության դիմաց բյուջետային փոխհատուցման հարցը: Հասկանալի է, որ ոչ շուկայական արժեքի, ոչ էլ դրա եռապատիկի հետ դուք չեք համաձայնվի, քանի որ կասեք, որ այդ սեփականությունը ձեզ եւ ձեր օլիգարխ զավակներին դեռ 1000 տարի եկամուտ պետք է բերի: Դե 1000 տարվա եկամտի փոխհատուցումը ամբողջ ժողովրդով հաստատ չենք ձգի, բայց գոնե մի 100 տարվա եկամտի փոխհատուցման, կարծում եմ, պատրաստ ենք: Որքան կկազմի դա. միլիա՞րդ դոլար: Երկո՞ւ: Ոչինչ: Դրանից տասնապատիկ ավելին եք քամել Հայաստանից: Հայաստանը դրան էլ կդիմանա: Բայց գոնե կիմանանք, որ դրա տասնապատիկը ապագա սերունդները կշահեն: Խոսքը տասնյակ միլիարդավոր խորանարդ մետր քաղցրահամ ջրի մասին է, որը դեռ կարող ենք փրկել, եթե բավարարենք ձեր ագահությունը:

Եթե համաձայնվեք իմ այս առաջարկին, խոստանում եմ իմ բոլոր ընկերներին՝ քաղաքական թե ապաքաղաքական, ԱԺ-ում թե դրանից դուրս՝ խնդրել, համոզել, աղաչել, որ իրենց համաձայնությունը տան այս փոխհատուցման հատկացմանը, որ գոնե ձեր այս մեկ որոշումը լեգիտիմ լինի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել