Հայի քանի-քանի սերունդ է երազել, որ պետություն ու այն պաշտպանող բանակ ունենա… Այսօր Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձն է։
1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց "Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին" արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայության տակ անցան Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը եւ հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը՝ Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում:
Մեր հանրապետությունում այսօր տոն է, բայց…
Եռաբլուրում հանգչող հերոսների ընկերներն ու զինակիցները կսգան տղաների կորուստը։ Կտխրեն, կխորհեն, կժպտան գուցե՝ հիշելով ինչ-որ բան… Անկախ այն բանից՝ զինվորական են թե պաշտոնյա, ապահովված մեկն են թե անտեսված ու մոռացված՝ առաջին հերթին պետության կողմից։ 
Ինչեւէ. Հայոց բանակը կարողացել է հասնել ամենաբարձունքին` հաղթանակին: Եվ այդ հաղթանակն այսօր բոլորինն է: Բոլորինն է այնքանով, որքանով ցանկանում է այն իրենը համարել յուրաքանչյուրը: Բանակն է նաեւ բոլորինը, ու բոլորի սիրտը պետք է ցավի նրա համար։ Ու այդ դեպքում դժբախտ ամեն մի դեպքից հետո ոչ թե չարախնդությունը վեր կբարձրանա, այլ ավելի կամրապնդվի ցանկությունն ամեն ինչ անել, որպեսզի օր առաջ հայկական հաղթանակած բանակը հաղթանակած դուրս գա նաեւ իր ներքին սխալների ու բացթողումների դեմ տարվող պայքարից։
Ու այդ ժամանակ կհպարտանանք բոլորս: Ու այդ ժամանակ տոնն այնքան տոնական կլինի բոլորիս համար։
Քեզ էլի՛ հաղթանակներ, Հայկական Բանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել