Կյանքը պայքար է, և պայքարողը ետ նայել չի կարող, քանզի պիտի պայքարել հանուն երեկվա, այսօրվա, վաղվա և ողջ կյանքի համար: Հաճախ եմ ասում դա, քանի որ եթե քո պայքարը աթոռի, հացի, լավ կյանքի համար է, իմն էլ ապրելու համար է: Շատերն են ինձ ճանաչում ու շատերն են, որ անտարբեր են այս հիվանդության նկատմամբ, բայց ցավ ունեցողն է, որ կանգնում, խորհում ու փորձում է ձեռք մեկնել: Անկախ ամեն ինչից, եթե մարդ ունի իր սրտում բարություն, նրան ոչ մի պատճառաբանություն ետ չի պահում իր բարեգործությունն անելու, ավելին, իր արած բարեգործությանը կշաղախի սրտից բխող աղոթք: Նրանց բարիքն ընդունողը մարդն է, սակայն դրա պտուղների պատասխանատուն Աստվածն է: Նա է հատուցելու ձեզ՝ տեսնելով տվող սիրտը: Երանի ողորմածներին, նրանք ողորմություն կգտնեն: Սրանք աստվածաշնչյան խոսքեր են՝ ուղղված ամեն մի մարդու, ով բարություն ունի, ով գնահատում է իրեն բաժին հասած առողջությունը, կյանքը և, իհարկե,  ընտանիքը, որը, ցավոք սրտի ,ես չունեմ: Իսկ ես իմ հերթին պարտավոր եմ նրանց համար աղոթել, քանզի նրանց շնորհիվ այսօր կամ ու դեռ ապրում եմ: Նրանք ինձ կամ այլ օգնության կարիքն ունեցողին ողորմություն տալով՝ իրենց ձեռքով գանձեր են դիզում երկնքում, իրենց համար տեղ բանալով երկնքում: Անցյալ տարվա սեպտեմբերին իմ ոտքերի խոցերն հատեցին սահմանը. ոտքիս մոտ 60-70% պատվել էր տրոֆիկ խոցերով ու այդ նպատակով դիմեցի բոլորիդ, ու արդյունքը սպասեցնել չտվեց, օգնեցին մարդիկ, ովքեր իրենք կարիք ունեին օգնության, օգնեցին պետական կառույցներում աշխատող հասարակ մարդիկ և օգնեց եկեղեցին, ու այսօր իմ սրտի ողջ ուրախությանը ուզում եմ մասնակից անել բոլորին, անգամ նրանց, ովքեր չօգնեցին: Շնորհակալ եմ բոլոր օգնողներից, արդյունքն այսօր այնքան մեծ է, որ ուզում եմ խոնարհվել ձեր առջև, ուզում եմ ձեզ տալ այն երջանիկ օրերը, որ ապրեցի այս մի քանի ամիսներին: Ճիշտ է, այսօր կրկին ունեմ օգնության կարիք, ու կրկին դեղորայքային, կամ գումարային, սակայն հարկ եմ համարում՝ բոլորը տեսնեն այս տարբերությունը: Հուսով եմ, որ նորից կգտնվեն մարդիկ, որ ձեռք կմեկնեն օգնության:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել