1in.am-ը գրում է.

«Եթե այս է լինելու Ադրբեջանի պահվածքը, ապա նախատեսված հանդիպումից առաջ նման միջադեպերը պետք է պատճառ դառնան, որ հայկական կողմն ասի, որ սա ընդունելի չէ, և մենք չենք մասնակցում»,- այսօր լրագրողների հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դիվերսիոն հարձակումներից հետո Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը պե՞տք է տեղի ունենար:

«Մեր իշխանությունները լավ ընդունվելու, լավ հասկացվելու խնդիր ունեն՝ հատկապես Արևմուտքի համար, և ես չեմ կարծում, որ նրանք նման քայլերի գնան: Անհրաժշետ է միջազգային հանրությանը ցույց տա, որ պետք է սրան վերջ դրվի»,- ասաց նա:

Ըստ Մանոյանի՝ թեպետ միջնորդների վրա հույս դնել պետք չէ, բայց նրանք ևս պետք է հայտարարությամբ հանդես գային այս կապակցությամբ:

Այն հարցին ի պատասխան, թե կա՞ արդյոք պատերազմի հավանականություն, բանախոսն ասաց. «Պատերազմի հավանականությունը մեծանում է այն ժամանակ, երբ շփման գծում զինադադարը Ադրբեջանի կողմից խախտվում է: Վստահ չեմ, որ Ադրբեջանը ուզում է պատերազմ, այլապես կսկսեր, բայց որ կարող է բերել պատերազմի՝ դա հավանականություն է, որին մենք պետք է միշտ պատրաստ լինենք»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատերազմ չի սկսում, որովհետև վստահ չէ, որ կհաղթի, բայց ներքին և արտաքին նպատակներով փորձում է բանակցություններից առաջ նման քայլեր ձեռնարկել: 

Կիրո Մանոյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ անհրաժեշտ է, որ միջնորդ կողմերը հստակ քայլեր ցույց տան: «Պարզ է, որ Ադրբեջանը գոհ չէ բանակցությունների ընթացքից, և սա փորձ է նաև դրանք այս ճանապարհով տապալելու համար»,- ընդգծեց նա:

Բանախոսն անդրադարձավ նաև Հայաստանի Մաքսային միությանն անդամագրվելուն և, պատասխանելով այն հարցին, թե արտաքին քաղաքական ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ փաստաթղթերի արդեն վերջնական ստորագրումը, ասաց. «Արտաքին քաղաքականության վրա բավական հստակ ազդեցություն է ունենալու:

Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը նույն ինտենսիվությամբ առաջ չի գնալու իր բոլոր հետևանքներով: Եվրամիության այն շրջանակները, որոնք հակառուսական տրամադրություն ունեն, մեկանաբանելու են որպես Հայաստանի կողմից Եվրոպայից հրաժարում, բայց, բարեբախտաբար, ամբողջ Եվրամիությունը չի այդպիսի գնահատական տալիս: Նրանք հասկանում են, որ ԵՄ-ն ինքն էլ պատասխանատվություն ունի, որ Հայաստանի հետ բանակցած փաստաթուղթը չստորագրվեց, որովհետև իրենք չէին առաջարկում Հայաստանին այն, ինչի կարիքը Հայաստանն ուներ»:

Կիրո Մանոյանը հավելեց, որ չի կարծում, թե այս որոշումը Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի վրա ուղղակի ազդեցություն կունենա: «Մենք պետք է հիշենք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց իր առջև հստակ խնդիր է դրել՝ տարածաշրջանում հստակ պահել իր ազդեցությունը: Մենք պետք է միշտ զգոն լինենք»,- եզրափակեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել