Տրամաբանենք:
Կոնֆլիկտի կողմերը (լինի դա միջպետական կամ քաղաքացիական պատերազմի կամ բռնապետական ռեժիմի և ժողովրդի միջև հակամարտության, կամ իշխանություն և սոցիալական ինչ-որ խմբի դիմադրության կողմ) ունենում են փոխադարձ, հաճախ նաև միակողմանի պահանջներ: Ի դեպ, պահանջների հետ զուգահեռ ներկայացվում են նաև այդ պահանջների կատարման վերջնաժամկետները, ինչպես նաև պահանջների չկատարման դեպքում սպասվող հետևանքնեը: Հետևաբար կողմերից որևէ մեկի նահանջը տեղի է ունենում բացասական հետևանքներից խուսափելու նպատակով: Հայաստանի դեպքում հարց է առաջանում բարոյականություն և օրինականություն չճանաչող իշխանությունների համար. ո՞րը կարող է լինել այդ բացասական հետևանքը:
Պատասխանը, կարծում եմ, պարզ է. իշխանության կորուստ:
Իսկ հիմա հասկանաք, թե ինչի՞ց ռեժիմը հասկացավ վերահաս վտանգը: Հարցը իսկապես տեղին է, որովհետև իշխանության կորստի ուղիղ սպառնալիք կամ վերջնաժամկետներ որպես էդպիսին ո՛չ նախաձեռնության հայտարարություններում, ո՛չ հրապարակային միջոցառումների ժամանակ հնչած ելույթներում չեն ներկայացվել: Եթե ժամկետների առումով կարելի է ենթադրել Սահմանադրական դատարանի որոշումների վերջնաժամկետները, ապա հետևանքների մասին դժվար է ենթադրություններ անելը: Ստացվում է, որ ուղղակի սպառնալիք և ուղղակի վերջնաժամկետ իշխանությունների հասցեին չի հնչել, ինչը մեզ թույլ է տալիս փնտրել այդ երևույթների անուղղակի դրսևորումները: «Դեմ եմ» շարժման ամենատպավորիչ, ուժի ցուցադրության, պահանջների ներկայացման տեսանկյունից ամենահաջողված միջոցառումը հունվարի 18-ի հավաք-երթն էր: Հետևավաբար, հենց այստեղ է հարկավոր փնտրել մեր հարցի պատասխանը:
Հանրահավաքը մարդաշատ էր, դրա հիմնական ուժը քաղաքացիական նախաձեռնության և ոչ իշխանական քաղաքական ուժերի համերաշխության ու միասականության ցուցադրմն էր: Բայց եթե այդ օրը հարթակը վերջնագիր չներկայացրեց ռեժիմին, ապա Ազատության հրապարակը, համենայդեպս, նրա զգալի մասը, «Սերժի՛կ, հեռացի՛ր» կարգախոսով շատ հստակ հասկացնել տվեց իշխանություններին խնդրի չլուծման և հասարակական այսպիսի համախմբվածության պայմաններում անխուսափելի հետևանքների մասին:
Ազատության հրապարակում ընդհանուր առմամբ 2-3 րոպե հնչած այդ կարգախոսը շարժման կողմից ներկայացված հենց այն անուղղակի սպառնալիքն էր, որը ստիպում է ռեժիմին, բացառապես իշխանության պահպանման նկրտումներից ելնելով, գնալ ժամանակավոր զիջումների:
Այսպիսով, դրված հարցի պատասխանը հետյալն է. վարչախումբը, տեսնելով, որ սոցիալական բողոքը տրամաբանորեն և արդարացիորեն վերաճում է իշխանափոխության գործընթացի, հուսահատ փորձեր է կատարում մեղմելու կամ կանխելու վերահաս վտանգը:
Հետևությունը նույնպես շատ պարզ է: Եթե մենք ուզում ենք հենց այս խնդրի որոշակի լուծումներ, ապա բացառապես իր աթոռի և ունեցվածքի վրա դողացող Սերժ Սարգսյանին պետք է հստակ ցուցադրենք իր դավանած արժեքները կորցնելու հեռանկարը: Բացի այդ, եթե մենք ուզում ենք խնդրի ոչ թե ժամանակավոր կամ անորոշ, այլ վերջնական լուծում, եթե մենք ուզում ենք այս խնդրի կրկնության և նմանատիպ այլ խնդիրների առաջացման բացառում, եթե վերջապես ուզում ենք արժանապատիվ ապրել մեր սեփական երկրում, ապա ռեժիմին ոչ թե պետք է ցուցադրել սեփական վախճանի հեռանկարները, այլ անել հնարավոր և անհնարինը այդ հեռանկարը օր առաջ իրականություն դարձելու համար:
Ո՛չ պարտադիրին
Ո՛չ պարտադրող ռեժիմին
Սերժի՛կ, հեռացի՛ր
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aregface/posts/696751107036639
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել