Lragir.am-ը գրում է.

Մայդանի իրադարձություններն իրապես աննախադեպ են. Ընդդիմադիր ու հեղափոխական բոլոր գործընթացները երբևէ չեն ունեցել գաղափարականության, վճռականության և անկաշառության նման համակցություն. Ուկրաինական ժողովրդի պայքարին անմասն չի մնում նաև հայ հասարակությունը՝ համենայնդեպս սոցցանցերը հեղեղված են քննարկումներով, վիդեոնյութերով, հոդվածներով:

Սակայն շատ կարևոր կենսաթոշակային ու տրանսպորտային հարցերի շուրջ ծավալվող ընդդիմադիր օֆիցիոզը խուսափում է անհատական դիրքորքշում հայտնել Մայդանի իրադարձությունների մասին, ընդ որում առավել զգուշավոր է ընդդիմության այն հատվածը, որը կարծես պետք է բացահայտ զուգահեռներ տեսներ 2008 թվականի Հայաստանի դեպքերի և Մայդանի դեպքերի միջև, վերլուծեր սխալներ ու տարբերություններ, մշակեր մարտավարություններ:

Նույն կերպ լուռ է ազգայնական ընդդիմությունը, կարծես Մայդանում սպանված հայազգի Նիգոյանը հայազգի չէ՞: Բացահայտ մերժողական վերաբերմունք է արտահայտում նաև իշանությունը, որը կարծես ընդդիմության հետ կատարելապես համակարծիք է Մայդանի պոտենցիալ վտանգի շուրջ: Այդ միակարծությունը պայմանավորված է երկու գործոնով.

1. Հեղափոխություն VS Իշխանափոխություն

Ինչքան հաճախ մեզ մոտ նենգափոխվում է այս իմացաբանական երկյակը: Հեղափոխությունը միշտ ենթադրում է իշխանափոխություն, բայց իշխանափոխությունը միշտ չէ, որ ենթադրում է հեղափոխություն, ինչին ականատես ենք եղել մեր անկախության 20 տարիների ընթացքում:

Հեղափոխությունը ենթադրում է համակարգի ֆունդամենտալ փոփոխություն, քաղաքական արտաքին կողմնորոշումների վերանայում, ունեցվածքի բացահայտում, հանրային վերահսկողության հաստատում:

Իշխանափոխությունն ընդամենը ունեցվածքի վերաբաժանում է նույն քաղաքական ոլորտում, նույն վերադասին անփոփոխ ենթակայության հանգամանքներում: Իշխանափոխության ջատագովը նույնքան վախենում է հեղափոխությունից, որքան իշխանության ղեկին մոտ կանգնածը, քանզի հեղափոխությունը երկուսին էլ զրկում է տաքուկ և ծանոթ միջավայրերից և ծանոթ դերակատարումներից. Իշխանությունն իբր պաշտպանում է իր դիրքերը, ընդդիմությունն իբր ձգտում է իշխանության…

Ու ահա այստեղ Մայդանը բացահայտ և թափանցիկ սկսում է դիմակազերծել կեղծ մանիպուլյացիոն մեխանիզմը՝ սեփական օրինակով ցույց տալով, որ քաղաքացիական անհնազանդությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պայքարն ուղղորդվում է ոչ թե կիսակուլիսային ինտրիգներով կամ կիսաինտրիգային լիդերներով, այլ քաղաքացիական կամքով, որն էլ ձևավորում է երկրորդ իմացաբանական երկյակը:

2. Քաղաքացի VS Ակտիվիստ

Դավադրաբար նենգափոխվող այդ երկու կոնցեպտներն իրականում գրեթե իրարամերժ են, քանի որ քաղաքացին պետության մասին պատկերացում ունեցող մարդն է, որի դիրքորոշումը միշտ ակտիվ է, ինչպես ցանկացած նորմալ քաղաքացունը:

Մայդանի քաղաքացին զոհվում է առանց արտասանելու զոհողական բանաստեղծություններ՝ ինքնորոշման համար պայքարում նա անում է իր ընտրությունն ինքնուրույն՝ հասկանալով, որ ազատության կորստի, ինքնիշխանության բացակայության պարագայում ցանկացած սոցիալական պայքար դատապարտված է, և ակտվիզմն էլ անգամ ինքնաբուխ լինելու դեպքում՝ անօգուտ:

Մայդանը բնավ ընտրություն չէ եվրոպական ու կրեմլյան ճանապարհների միջև, ինչպես փորձում են ներկայացնել. Դա հասարակության ազատ կամարտահայտման իրավունքն է, որը ցանկացած պետության կայացման գրավականն է:

Մայդանը հետևողականորեն ոչնչացնում է ժողովրդի ապուշացման աճպարարական մեխանիզմները, կործանում ուժի ամենազորության և կուլիսային դավադրության միֆերը, որոնք նույն սցենարով մինչև այժմ աշխատացնում էին հետսովետական տարածքում:

Մայդանը որոշման իրավունքը հանձնում է քաղաքացուն հեղափոխական ճանապարհով, և քաղաքացին պատրաստակամ ընդունում է այդ իրավունքը:

Ահա թե ինչու Հայաստանում Մայդանը յուրատեսակ փորձաքար է յուրաքանչյուր քաղաքացու և քաղաքական ուժի համար՝ որովհետև այն ավարտում է հին համակարգի պատմությունը և սկսում է մի նոր պատմություն:

Պատրա՞ստ ենք արդյոք բացել ազատ ժողովրդին պատկանող ազատ պետության պատմության նոր էջը:

ԱՐԹՈՒՐ ՌԵՄՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել