«Ես համոզված եմ, որ այս բարեփոխումն այն համալիր ծրագիրն է, որ հետո կոչելու է պատմական. անցնելու են տարիներ, և այսօրվա ձեր կատարած աշխատանքը միայն ու միայն հարգանքի և շնորհակալության է արժանանալու: Ակնհայտորեն և՛ ձեզ, և՛ ինձ համար արդյունքները միգուցե՝ տեսանելի չեն լինելու կամ քչերիս համար են տեսանելի լինելու: Այդուհանդերձ, եթե մենք այսօր լծվել ենք այս աշխատանքին ու խորապես համոզված ենք, որ այս բարեփոխումը ճիշտ է, և սա այն ծրագրերից մեկն է, որ միտված է մեր երկրի ապագային, ապա, կրկնում եմ, պետք է համբերատար, առանց զլանալու բացատրել բոլորին: Մենք պատասխանատու ենք բոլորի համար: Պատասխանատու ենք նաև այն մարդկանց համար, ովքեր այսօր կա´մ չեն հասկացել այդ բարեփոխման տրամաբանությունը, կա´մ էլ ընդհանուր դժգոհության ֆոնին ուղղակի չեն ընդունում, չեն ընկալում նաև այս բարեփոխումը: Սակայն միևնույն է՝ այս մարդիկ էլ են օգտվելու այդ բարեփոխման արդյունքներից: Ուստի, մեկ անգամ ևս, պարո՛ն նախարար, պետք է մոբիլիզացնել ո´չ միայն նախարարության ողջ անձնակազմը, այլև՝ տարբեր փորձագետների, տարբեր մարդկանց, մեր համախոհներին, որպեսզի մանրամասն բացատրեն ռեֆորմի էությունը, նշանակությունը, նպատակները: Սա չափազանց կարևոր է»,–այսօր սոցապնախարարությունում հայտարարել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Սա ուղերձ է հասարակությանն, որ իշխանությունը մտադիր չէ վերնայել այն քաղաքականությունն, որ իրականացնում է կենսաթոշակային համակարգում։ Նաև՝ անուղղակի պատասխան Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներին, որոնցում նա անխնա քննադատությնն էր ենթարկել ներդրված համակարգը։
Այս համատեքստում՝ շատերին կարող է տարօրինակ թվա, որ գործադիրի ամբողջական վերահսկողության տակ գտնվող Սահմանադրական դատարանն այսօր ժամանակավորապես կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրարկումը։ Մանավանդ՝ նախագահի այսօրվա հայտարարության համատեքստում։
Անձամբ ինձ համար՝ ՍԴ–ի որոշումը միանգամայն մոտիվացված է ու դարձյալ տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ։
Նախ, դատարանն առայժմ զուտ տեխնիկական որոշում է կայացրել՝ հարցի բովանդակային հանգուցալուծումը թողնելով մարտի վերջին։
Այսինքն, իշխանությունը խաղում է ժամանակի վրա՝ մարտավարական զիջում անելով փորձ է անում «փոքր հաղթանակի» էֆեկտի ներշնչմամբ շարժել քաղաքացիական ակտիվիստների թասիբը։
Ստացվում է՝ իշխանությունն ամիսներ շարունակ անտեսել է ոչ իշխանական չորս խմբակցությունների տեսակետը, բայց տեղի տվեց քաղաքացիականների հանրահավաքի ճնշմանը։ Եթե վերանանք քաղաքական տեխնոլոգիաներից ու խոսենք մարդկային լեզվով, ապա իշխանությունը քաղաքացիական ակտիվիստներին հասկացնում է, որ նրանց հետ երկխոսության դուռը բաց է՝ առանց ընդդիմության ներկայության։
Անկեղծ ասած՝ Դեմ եմ» շարժման նախաձեռնողների մի մասի համար՝ նման տրամադրությունները խորթ չեն։
Մի խոսքով՝ ՍԴ–ի այսօրվա որոշումը, որ տակտիկական առումով՝ հաղթանակ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հակառակորդների համար, կարող է պառակտել նրանց շարժումը՝ հաստ գիծ դառնալով քաղաքականի ու քաղաքացիականի միջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել