Իշխանությունն ու դրամը պետք է մեկտեղված լինեն և ներդաշնակ գործեն՝ սա օրինաչափություն է: Ընչազուրկ իշխանությունը ձգտում է բռնությամբ և անօրինությամբ տիրանալ դրամին, իսկ իշխանազուրկ դրամը ձգտում է ամեն գնով իշխանությանը մասնակից լինել: Ընչազուրկ իշխանությունը նյութական միջոցների արմատական վերաբաշխման նախաձեռնողն է դառնում: Բանականությամբ և հիշողությամբ քիչ թե շատ օժտված մարդիկ լավ գիտեն, թե ով՝ ով է մեր քաղաքական դաշտում և ինչպես է իրեն դրսևորել կոնկրետ իրավիճակում: Վերջին մեկուկես-երկու տարիներին իշխանության հետ քաղաքական ու տնտեսական առումով սերտաճած ԲՀԿ-ն և Դաշնակցությունը պաշտոնապես անջատվեցին իշխանությունից, ու իրենց հռչակեցին այլընտրանք և ընդդիմություն: Այսինքն, ՀՀ ԱԺ-ում ստեղծվեց մի նոր բևեռ, որն իշխանական մեծամասնության կողմից ճանաչվեց որպես ընդդիմություն: Մյուս կողմից, խորհրդարան մտան նաև ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», որոնցից առաջինը Ազատության հրապարակի ընդդիմադիր բևեռն էր ներկայացնում, իսկ երկրորդը հավակնում էր լինելու դրա այլընտրանքը: Սա կարելի է համարել խորհրդարանական ընդդիմադիր բևեռի ինստիտուցիոնալ ձևավորման գործընթաց, որը դեռ ավարտված չէ: Այս գործընթացն ավարտին կհասնի այն ժամանակ, երբ խորհրդարանում փողոցի ընդդիմադիր զանգվածը ներկայացնող քաղաքական ուժը` ՀԱԿ-ը, կտարրալուծվի իշխանական ճամբարից առանձնացած և ընդդիմություն-այլընտրանք ներկայացող հատվածի մեջ: Այս արարի առաջին մասն ավարտվել է՝ հրապարակի բևեռը, փաստացիորեն ճանաչելով համապետական ընտրությունների արդյունքները, մտել է խորհրդարան, կտրվել փողոցի զանգվածից ու, իշխանության ձեռնարկած քայլերի շնորհիվ, դարձել է փոքրամասնություն` խորհրդարանական նորաթուխ ընդդիմության մեջ: Այժմ անհրաժեշտ է երկրորդ արարը. իշխանության կողմից գոյավորված այդ նորաթուխ ընդդիմությունը փողոցի զանգվածի համար յուրային դառնալու խնդիր ունի: Խորհրդարանական չորս ընդդիմադիր ուժերի բողոքի համատեղ գործողությունն այդ հնարավորությունն ընձեռում է նրանց:
Իշխանություններին հաջողվեց չեզոքացնել մի քանի տարի գոյատևած ընդդիմադիր ապստամբական բևեռը և սեփական ռեսուրսների հաշվին ձևավորել որակներով ու ֆինանսատնտեսական պոտենցիալով իրեն համարժեք «նոր» ընդդիմություն: Այս կերպ քաղաքական մրցակցությունն իշխանություն-ապստամբական ընդդիմություն հարթությունից իրականում տեղափոխվեց «նոր» ընդդիմություն-խորհրդարանական ընտելացված փողոցային ընդդիմություն հարթության վրա: Այս պայմաններում, ինձ թվում է, պայքարի ելքը կանխորոշված է: Ես չեմ տեսնում «Ժառանգության» հետագա գոյության հեռանկարը և չեմ տեսնում, թե ինչպես պետք է ՀԱԿ-ը վերականգնի իր երբեմնի դիրքերը: Կարծում եմ՝ շատ չանցած առաջինը կլուծարվի կամ կմիանա «նոր» ընդդիմությունը կազմող կուսակցություններից մեկին, իսկ երկրորդը կմնա լուսանցքում այնքան ժամանակ, քանի դեռ չի տվել քաղաքական գործիչների նոր` գործունակ սերունդ: 
Ապստամբական ընդդիմության քաղաքական առաջնորդներն իրենց գործողություններով նպաստեցին նրան, որ շարքային քաղաքացիներն անհույս համարեն իշխանության դեմ պայքարի բոլոր, այդ թվում, ուժային մեթոդները: Մարդիկ գերադասում են փախչել Հայաստանից, ամեն գնով հեռանալ երկրից, որտեղ մի քանիսի շքեղ կյանքը բոլոր մնացյալների սովի, թշվառության, իրավազրկության, սեփական հայրենիքից օտարված լինելու դառը իրականության գարշելի, նողկանք առաջացնող հակապատկերն է: Այդուհանդերձ, սոցիալական բունտը նաև ելք չպարունակող երևույթ է` այն կարող է հեշտությամբ կործանել ամեն բան, սակայն ունակ չէ իրավիճակը փոխելու դեպի լավը: 
Հայաստանի քաղաքական համակարգն իր զարգացման նոր փուլն է թևակոխում և, հակառակ այսօրվա տխուր իրողություններին, այդ փուլը նոր պահանջներ է ներկայացնելու քաղաքական ուժերին: Նրանք ևս ստիպված են լինելու վերագտնել իրենց գործունեության արդյունավետությունն ապահովող բարոյական ու մասնագիտական առանցքը, ներդաշնակեցնել քաղաքականությունը խղճի թելադրանքի հետ: Այս հիմքի վրա չեմ բացառում իմ համագործակցության հեռանկարը քաղաքական ուժերից որևէ մեկի հետ, բայց նաև համոզված չեմ, որ այդ պահն արդեն հասունացել է: Պետության մեջ մարդն անգամ սակավաթիվ ակտիվ կողմնակիցների հետ ուս-ուսի տված կարող է դիմադրություն ցույց տալ ցանկացած անարդարության ու իրավունքի խախտումների, սակայն իսկապես ազատ, ծաղկող ու հպարտ երկիր կառուցելու համար անհրաժեշտ է ընդհանուր արժեքների ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության լայն, համընդգրկուն շրջանակ: Մենք դեռ պահպանում ենք ավելի լավ պետություն ունենալու հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել