Զվարթնոցի կլոր շենքի քանդել-չքանդելու հարցն այդպես էլ մնում է առկախ:
Չնայած քաղավիացիայի գլխավոր վարչությունն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ շենքը քանդվելու է, հանրությունը հույս ունի, որ կկարողանա ազդել օդանավակայանի սեփականատիրոջ և կառավարության վրա` ստիպելով փոխել հակամշակութային այդ որոշումը: Արդեն մի քանի ամիս է` այդ հարցը նաև Հանրային խորհրդի օրակարգում է:
Ամենազավեշտալին այն է, որ հենց քաղավիացիայի գլխավոր վարչությունն է որոշել դիմել այդ կառույցին, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հարցը քննարկվի նաև ոլորտի մասնագետների և հանրության լայն շերտերի հետ և հաշվի առնվի նրանց կարծիքը: Մասնագետներն ու հանրային տարբեր շերտերի ներկայացուցիչներն այդ քննարկումների արդյունքում հայտնել են իրենց հստակ դիրքորոշումը` շենքը պետք է պահպանվի, սակայն քաղավիացիայի գլխավոր վարչությունը շարունակում է պնդել իր տեսակետը:
Օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այդ հարցին, հիշեցրեց, որ վարչապետը նախորդ տարվա վերջին նիստի ժամանակ առաջարկ է արել, ինչն ընդունելի է եղել նաև քաղավիացիայի գլխավոր վարչության և կոնցեսիոների կողմից. «Եթե մենք ունենք խնդիրներ պահպանման անհրաժեշտության և մշակութային տեսանկյունից, ապա փորձենք մի որևէ այգի կամ այգու նման մի վայրում հավաքել դրանց մակետները: Դա կարող է լինել «Զվարթնոցը», Գառնու տաճարը, այդ այգին ժամանցի վայր միգուցե դարձնել…»:
Նման անորոշ ձևակերպումներով արտահայտած միտքը միայն նոր հարցեր կարող էր առաջացնել, և պատահական չէր, որ լրագրողները փորձեցին հստակեցնել` ի վերջո շենքը քանդվելո՞ւ է, թե՝ ոչ: Արտյոմ Մովսեսյանը պարզաբանեց. «Կառավարությունը հաստատել է կոնցեսիոների մաստեր պլանը, որտեղ ներառված է նաև շենքը քանդելու հարցը, այսինքն` քանդում լինելու է, սակայն մենք դրան փոխարինող լուծումներ ենք փնտրում: Շենքի տեղափոխում էլ չի կարող լինել, դա ահռելի մեծ ծախսերի հետ է կապված, որը ոչ իրատեսական է: Ոչ մի կառավարիչ նմանատիպ ծախսեր իր վրա չի վերցնի»: Ինչևէ, Արտյոմ Մովսեսյանը հստակ ուղերձ հղեց հանրությանը, որ վարչապետի վերջին նիստին հնչեցրած միտքն ամենևին կապ չունի շենքի պահպանման հետ, այլ այն ընդամենը ինչ-որ լուծումներ գտնելու մասին է:
Այդ նույն նիստի ժամանակ վարչապետը հստակ հանձնարարություն էր տվել Արտյոմ Մովսեսյանին ճարտարապետների հետ քննարկում կազմակերպելու վերաբերյալ, սակայն դրա հետ կապված նորություն, կարծես թե, չկա:
Ինչ վերաբերում է Մովսեսյանի ասած «փոխարինող լուծումներին», մասնավորապես` այգի հիմնելուն և այնտեղ տարբեր մշակութային կոթողների մանրակերտերը տեղադրելուն, ապա կարծում ենք` դա առնվազն սփոփանքի ժանրից է: Բայց արդյո՞ք հանրությանը, առավել ևս մասնագետներին հնարավո՞ր է նման ծրագրով սփոփել: Հանրային խորհրդի հանձնաժողովներում ներառված բազմաթիվ ճարտարապետներ Արտյոմ Մովսեսյանի վերջին հայտարարությունից հետո առավել մարտական են տրամադրված: ՀԽ քաղաքաշինության հարցերի ենթահանձնաժողովի անդամ, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը հայտարարեց, որ ճարտարապետներն արդեն ստորագրահավաք են սկսել՝ ընդդեմ կլոր շենքի քանդման, և պատրաստվում են այն ներկայացնել երկրի ղեկավարին:
Երեկ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում կրկին դրվել է «Զվարթնոցի» կլոր շենքի հարցը և ևս մեկ անգամ հաստատվել, որ Հանրային խորհուրդն այդպես էլ չի ստացել մի շարք հարցերի պատասխաններ կոնցեսիոներից և քաղավիացիայի գլխավոր վարչությունից: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքով` խորհուրդն առաջարկել էր, որ Մշակույթի նախարարության համապատասխան կառույցը որոշի` շենքը պատմամշակութային հուշարձա՞ն է, թե ոչ, և եթե այո, ապա այն պետք է ներառվի հուշարձանների ցանկում, մինչդեռ նախարարությունն այդ հարցը չի քննարկել: «Մենք առաջարկել ենք պարզել նաև, որ ենթադրենք օդանավակայանի շենքն ընդլայնելու համար չե՞ն քանդում հին համալիրը, այլ այն շրջանցում են, դա որքա՞ն հավելյալ ծախս է պահանջում: Պատասխան չկա: Առաջարկել ենք անկախ փորձագիտական ընկերության կողմից ուսումնասիրություններ անցկացնել, թե որքա՞ն կարժենա այդ շենքի վերանորոգումն ու պահպանումը: Առաջարկներից մեկն էլ եղել է այն, թե հնարավո՞ր է շենքը հանել աճուրդի և այլ նպատակներով օգտագործել: Մեր այս հարցերին պատասխաններ չեն տրվել, միայն իմանում ենք, որ կառավարությունը հաստատել է մաստեր պլանը»: Մանուկյանի խոսքով` Հանրային խորհուրդը հետամուտ է լինելու հարցի լուծմանը:
Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով` «Զվարթնոցի» կլոր շենքի քանդումը կլինի հերթական մշակութային կորուստը: «Երևանը կորցնում է իր հիշողությունը: Սա շատ ծանր է ընկալվում մտավորականության կողմից, և մենք գտնում ենք, որ այդ որոշումը պետք է վերանայվի և քննարկվի շենքի պահպանման հարցը: Դա նաև օրինակ կլինի, սկիզբը այն փոփոխությունների, որ պետք է տեղի ունենան այս ոլորտում, և ոչ միայն այս: Վերջապես պետք է Հայաստանում հաշվի առնվի հանրության, մասնագետների կարծիքը, ոչ թե միայն բիզնեսը որոշի, թե որն է իրեն այս պահին շահեկան, ու վերջ»:
Ինչ վերաբերում է նախորդ տարվա դեկտեմբերի 26-ի նիստին ՀՀ կառավարության կողմից օդանավակայանի կոնցեսիոների մաստեր պլան հաստատելուն, ապա չմոռանանք, որ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ հին ուղևորային համալիրի քանդման հարցը դեռևս պետք է քննարկվի, քանի որ այն ճարտարապետական յուրօրինակ կառույց է, և չնայած ներառված չէ պատմամշակութային հուշարձանների շարքում, ճարտարապետներն այն համարում են արժեքավոր ժառանություն: «Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետները առաջարկում են նոր լուծումներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ այդ լուծումներից մեկն էլ օդանավակայանի տարածքում այգու կառուցումն է, որտեղ ճարտարապետական այդպիսի լուծումով բոլոր կոթողները կարող են տեղավորվել:
Ակնհայտ է, որ նիստի ընթացքում վարչապետի հայտարարածը, քաղավիացիայի գլխավոր վարչության պետի հասկացածը և ճարտարապետների ցանկությունը բոլորովին չեն համապատասխանում իրար: Համենայն դեպս, մի բան ակնհայտ է` ճարտարապետներն առաջարկում են լուծում, որում կանգուն «Զվարթնոցի» գաղափարն է և ոչ թե քանդված: