Ադրբեջանական քարոզչամեքենան զավեշտի աստիճան կանխատեսելի է: Դիվերսիայի օրը հերքեցին, որ որևէ գործողություն են իրականացրել, մինչդեռ մեր աղբյուրները պնդում էին, որ ոչ միայն դիվերսոն գործողությունների ձախողված փորձեր են արվել, այլև հակառակորդը կրել է շոշափելի կորուստներ` մինչև 5 զոհ ու 10-ից ավել վիրավոր:
Հերքելը հերքեցին, բայց հաջորդած մի քանի օրերի ընթացքում տարբեր անհեթեթ պատճառաբանություններով հաղորդում են զոհերի ու վիրավորների մասին: Այսօր էլ գրել են, որ Թերտերի շրջանում, հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով, զոհվել է ադրբեջանական բանակի կապիտան: Բարդ չէ հասկանալ, որ իրականում կապիտանը զոհվել է ոչ թե այսօր ու ոչ թե Թերտերի շրջանում, այլ Արցախի սահմանին ու հունվարի 19-ի՝ լույս 20-ի գիշերը:
Ի դեպ, սա արդեն ադրբեջանական երկրորդ դիակն է: Երեկ էլ հաղորդեցին, որ Նախիջևանի զորամասերից մեկում սրտային անբավարարվածությունից մահացել է պայմանագրային զինծառայող:
Վիրավորների մասով էլ բավականին ուշագրավ վիճակ է: Այս երեք օրերի ընթացքում հաղորդվել է 5 վիրավորների մասին, որոնցից 3-ը, իբր, ավտովթարում են տուժել, իսկ երկուսը իրենք իրենց ոտքին են կրակել:
Սպասենք նորանոր զոհերի ու վիրավորների մասին հաղորդագրությունների:



