Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների` հունվարի 24-ին Փարիզում կայանալիք հանդիպման օրակարգը, կարծես թե, հայտնի է: Օրակարգի գլխավոր հարցը սահմանագծին առկա աննախադեպ լարվածությունն է: Միամտություն կլինի կարծել, թե այդ հանդիպմանը նախարարները քննարկելու են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը հասնելու ուղիների կամ նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հետ կապված հարցեր: Մանավանդ, որ, Ադրբեջանում առանձնապես համառություն չեն դրսևորում` իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հունվարի 19-ի՝ լույս 20-ի գիշերը հայկական մարտական դիրքերի ուղղությամբ իրականացված դիվերսիոն գործողություններին հետևեց Ադրբեջանի կողմից հայկական մարտական հենակետերի ու բնակավայրերի ուղղությամբ իրականացվող ակտիվ կրակահերթերը: Ըստ ՊՆ համապատասխան ամփոփագրերի` վերջին մի քանի օրերին հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքերն իրենց քանակով աննախադեպ էին:

Այս իրավիճակում, թիվ մեկ խնդիր է դառնում սահմանագծին տիրող իրավիճակի լիցքաթափումն ու հարաբերական կայունության ապահովման խնդիրը: Միջնորդ երկրները, ինչպես պարզ դարձավ նրանց արձագանքից (ավելի ճիշտ` դրա բացակայությունից), այդքան էլ հետաքրքրված չեն սահմանին տիրող իրավիճակով: Միջադեպին հաջորդեց միայն ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումը` «Բռնությունն ու լարվածությունը շփման գծում խարխլում են բանակցությունների միջոցով ԼՂ հիմնախնդիրը կարգավորելուն ուղղված ջանքերը»:

Իսկ թե ով է նպաստում այդ «խարխլմանը», մանավանդ, երբ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ոչ մի կապ չունի դիվերսիայի հետ, ավելին, պնդելով, որ հայկական կողմն է հունվարի 22-ին դիվերսիա կազմակերպել, այդքան էլ պարզ չէ այդ «մտահոգություն արտահայտող տեքստից»:

ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին առիթ ունեցավ անդրադառնալու նաև ՌԴ ԱԳ նախարարը` մի քանի օր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում, ով հայտարարեց, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Վիեննայում կայացած հանդիպումը հուսադրող էր… ու կրկին ոչ մի անդրադարձ սահմանագծին տեղի ունեցածին կամ դրա ազդեցությանը բանակցային գործընթացի վրա:

Միջնորդների ու առհասարակ միջազգային հանրության անտարբերությունն այս հարցում, առավել ևս` արտահայտված հատուկենտ դատարկ տեքստերը, կանաչ լույս է ադրբեջանական շարունական սադրանքների համար: Ցավոք, կանխատեսելի է դառնում, որ առաջիկայում ևս, սադրանքների նման դրսևորումների ականատես կլինենք:

Այս իրավիճակում սպասվում է, որ առաջնագծում մարտական հերթապահության իրականացումը կուժեղացվի:

Հ.Գ. Երեկ` հունվարի 22-ին, Եռաբլուրում պաշտպանության նախարարը հայտարարեց, որ լարվածությունը սահմանին հասել է իր գագաթնակետին: Սա բավականին լուրջ հայտարարություն է, ինչը հենց այնպես չէր կարող անել պաշտպանության նախարարը, իսկ թե ինչ է նշանակում սա ու ինչ քայլեր կհետևի այս հայտարարությանը, պարզ կդառնա առաջիկայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել