Մոլդովայի Մարդու իրավունքների տխրահռչակ պաշտպան Աուրելիա Գրիգորիուն կա՛մ պարապ է մնացել և ուշադրության պակասի խնդիր ունի, կա՛մ էլ դժգոհ է պետությունից ստացված աշխատավարձի չափից: Նա երեկ կապվել է ադրբեջանական APA գործակալության հետ և հայտնել, որ հայերի կողմից շարունակում է ստանալ անուղղակի ճանապարհներով սպառնալիքներ՝ չնայած այն բանի, որ ուղղակի հարձակումներ և ոտնձգություններ այլևս չկան: Նրա խոսքերով, ստեղծված իրավիճակում ամուսինը ստիպված է հոգ տանել իր անվտանգության մասին: Թե խոսքը կոնկրետ ի՞նչ իրավիճակի մասին է, չի հստակեցվում: Այս պարագայում հետաքրքիր է իմանալ, թե նման հայտարարության համար ադրբեջանցիք քանի կիլոգրամ խավիար կամ էլ ոսկեղեն են խոստացել տալ այս կնոջը:
Հիշեցնենք, որ ամռանը Երևանում կայացած «Մարդկանց իրավուքների պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» միջազգային գիտաժողովի ժամանակ Մոլդովայի օմբուդսմենը հանդես եկավ ադրբեջանական քարոզչամեքենայի մշակած սցենարով և սկսեց երգել ադրբեջանցիների ամենասիրված երգերից մեկը՝ կապված «իրենց տարածքները 20% օկուպացիայի հետ»: Դրանից հետո ներկայացրեց մի լավ բեմադրություն այն մասին, որ նրա հանդեպ ճնշումներ են կիրառվում Հայաստանում՝ տարբեր պաշտոնյաների և ահաբեկչական խմբավորումների (ակնարկելով ԱՍԱԼԱ-ն) կողմից: Մենք էլ (Հայաստանը), ապահովելով այս մարդու անվտանգությունը բարձր մակարդակով, նստացրեցինք ինքնաթիռ և ուղարկեցինք Մոլդովա: Հիմա մարդը կրկին «հիշել» է, որ իրեն սպառնում են, և կրկին փորձում է մեզ՝ հայերիս, պիտակավորել որպես ահաբեկիչների:
Եվ բնավ պատահաբար չէ, որ հիշատակեցի ոսկեղեն տալու հնարավորությունը: Կա տեղեկություն, որ ադրբեջանցի դիվանագետները տարբեր երկրներում և միջազգային կազմակերպություններում օտարազգի դիվանագետներին «նվերներ» տալիս (խավիարից բացի, այդ նվերների մեջ ներառում են նաև ոսկյա զարդեր): Մի կողմից սա շատ անտակտ և ապշեցուցիչ երևույթ է, բայց մյուս՝ շատ գայթակղիչ: Կարծում եմ՝ Մոլդովայի Մարդու իրավուքների պաշտպանը վերջերս լսել էր նման նվերների մասին և որոշել էր բախտը փորձել: Դե ինչ, մարդն իր գործն արեց և այժմ սպասում է ադրբեջանական առատաձեռնության դրսևորմանը:
Հ.Գ. Աշխատանքը փայլուն չէ, բայց մի քանի գրամի կձգի: