Ռուսաստանը Մաքսային միության ու դրա գաղափարաքաղաքական հիմք հանդիսացող, դեռևս հում վիճակում գտնվող Եվրասիական միության իրագործման, կայացման համար անցել է վճռական քայլերի: Մոսկվայում սկսել են մշակել այդ ծրագրերի կառուցվածքային և տարածքային մասշտաբների ընդլայնման ծրագիրը, սակայն այն ավելի շատ հիմնված է այլընտրանքների բացառմանը, ճնշման մեթոդների մշակմանն ու ներդրմանը, քան արժեհամակարգային, ինստիտուցիոնալ և տնտեսական գրավչությամբ հագեցած քաղաքական հայեցակարգային մոտեցումները: Այսպիսով, Ռուսաստանը դժվարացրեց ԱՊՀ երկրների քաղաքացիների ելումուտը Ռուսաստան՝ դրա համար հարուցելով լրացուցիչ խոչընդոտներ, սակայն, միաժամանակ, այդ արգելքը չի տարածվի հետագայում կազմավորվող Եվրասիական միության կազմի մեջ մտնող երկրների քաղաքացիների վրա (համենայնդեպս, Մոսկվայից հնչել են նման հավաստիացումներ): Ինչո՞ւ Ռուսաստանն անցավ կոշտ քաղաքականության ավելի բացահայտ ցուցադրմանը: Այստեղ, ըստ երևույթին, առկա է մի քանի պատճառ.
1. Մրցակցային անբավարարությունը. Մոսկվան այլևս զգաց Բրյուսելի հետ զուտ քաղաքական-գաղափարական մրցակցության անհեռանկարային լինելը, քանի որ այդ պարագայում այն հիմնականում հայտնվում է պարտվողի դերում:
2. ԱՊՀ երկրների սոցիալ-դեմոգրաֆիական կախվածությունը Ռուսաստանից, երբ միլիոնավոր մարդիկ իրենց սոցիալական պայմաններն ապահովում են Ռուսաստանում աշխատելով:
3. Քաղաքական ռեալիզմի ուժային սկզբունքի բացահայտ կիրառումը, որը պետք է ցույց տա Ռուսաստանի տեղն ու դերը աշխարհաքաղաքական գործընթացների վրա ազդելու առումով, նրա հնարավությունների ծավալը:
4. Եվ ամենակարևորը, այսպիսով, Մոսկվան հրահրում է առաջին հերթին ՄՄ անդամ երկրներին՝ չվարանելու կյանքի կոչել Եվրասիական միության գաղափարը:
Այսպիսով, այս պատճառների համալիրը պետք է լուծի մարտավարական 2 խնդիր՝ արտաքին-քաղաքական և ներքին-հանրային: Առաջինը ենթադրում է՝ Արևմուտքը պետք է հասկանա, որ ԱՊՀ երկրներն օբյեկտիվորեն են հայտնվել իր աշխարհաքաղաքական կոդերում, և թե ով իրական ռեսուրսներ և «իրավունք» ունի իր ազդեցությունը տարածելու այդ տարածքների վրա: Երկրորդ՝ ներքին-հանրային առումով, ԱՊՀ որոշ երկրներ այլևս չպետք է տրվեն եվրոպական գայթակղություններին: Այդ երկրների քաղաքացիները կսկսեն ճնշում գործադրել սեփական իշխանությունների վրա՝ չհեռանալու ռուսական կողմնորոշումից, որն աստիճանաբար կձևավորի օրակարգային խնդիրներ, որոնք կտեղավորվեն Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման համատեքստում, կամաց-կամաց կձևավորվի նաև համապատասխան հանրային կարծիք, որը կհեշտացնի ռուսների գործը:
Պուտինյան Ռուսաստանն իր ազգային շահերը կառուցում է ուժի և դրա ցուցադրման դիրքերից, այսպիսի տակտիկան սովորաբար քիչ բանակցային է, որովհետև բանակցությունը ենթադրում է համատեղ որոշումների նախապատրաստում և/կամ հրապարակում, իսկ գերհզոր և ուժի դիրքերից հանդես եկող, ավտորիտարիզմին բնորոշ գծերով երկրի համար նման գործելաոճը խորթ է, հատկապես՝ ոչ հավասարազոր երկրների պարագայում: Ուստի, հարաբերության լավագույն ձևը բոլոր ոլորտներում այլընտրանքներ ունենալն է և տնտեսության արտաքին դիվերսիֆիկացիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել