1in.am-ը գրում է.

Ուկրաինան բռնկվել է, ընդ որում` անսպասելի: Մայդանի մի քանի ամիս տևող ցույցերը կարծես թե նման բռնկում չէին ենթադրում, թեև մյուս կողմից` պետք է արձանագրել, որ առաջացել էր հարցը, թե ինչքան կարող է Մայդանը պահել կենսունակությունը նման ստատիկ օրակարգով և ռեժիմով: Այսինքն` ինչ-որ առումով ստեղծվել էր փակուղի, և այդ փակուղին կամ տանելու էր լճացման, կամ էլ բռնկումի: Որովհետև փակուղում էր ոչ միայն ընդդիմությունը, այլ իշխանությունները ևս:

Փաստորեն, իրադարձությունները զարգացան ոչ թե լճացման, այլ հենց բախումների ճանապարհով: Առաջինն, ըստ էության, տեղի տվեցին իշխանության նյարդերը: Սակայն չի բացառվում նաև, որ այստեղ ոչ մի նյարդերի խնդիր չկա, և իրավիճակը ավելի լայն արմատներ ունի՝ ուժային գործողությունների տեսանկյունից: Ի վերջո, պաշտոնական Կիևը, Մոսկվայի հետ հարաբերությունները սերտացնելուն և ֆինանսական ներարկումների խոստումներ ստանալուն զուգահեռ, պատրաստվում էր նման հանգուցալուծման, մտցվում էին մի շարք օրենսդրական սահմանափակումներ բողոքավոր քաղաքացիների և ընդդիմության գործունեության համար: Բոլորովին պետք չէ բացառել, որ Յանուկովիչի նման կոշտ մեթոդների անցումը պայմանավորված էր հենց ուղղակիորեն Ռուսաստանի հետ միլիարդավոր դոլարների համաձայնությամբ: Այսինքն` Մոսկվան համաձայնում էր Կիևին ներարկել միլիարդներով, պայմանով, որ Կիևը արագ ժամանակահատվածում պետք է հանգուցալուծի Մայդանի խնդիրը: Ըստ որում` այստեղ խնդիրը նույնիսկ միայն Մայդանը չէ:

Ռուսաստանը խոստանում է Ուկրաինային միլիարդավոր դոլարների ներարկումներ: Այս միլիարդները Ռուսաստանի համար գերկարևոր են, քանի որ դրանք, ըստ էության, կտրվում են ռուսների բերանից: Ռուսաստանն ինքը ունի միլիարդների կարիք, բայց ստիպված է դրանք տալ Ուկրաինային՝ պահելու համար Կիևը իր ուղեծրում: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Կրեմլի համար Կիևում պետք են երկաթյա երաշխիքներ, որ առաջիկա տարիներին միլիարդներ ստացած Ուկրաինան կրկին չի թեքվի դեպի Եվրամիություն, կամ այլ կերպ ասած` ուղղակի չի գցի Ռուսաստանին:

Սրանից բացի, նաև խոսքը իշխանափոխության տարբերակների մասին է: Մոտ մեկ տարի հետո Ուկրաինայում նախագահական ընտրություններ են: Մայդանի շարունակականության դեպքում ոչ մի կասկած չկար, որ այդ ընտրություններում Յանուկովիչը տանուլ է տալու: Մինչ այդ Ռուսաստանը խոստացել էր առնվազն մի քանի միլիարդ հասցնել Ուկրաինա՝ պետական պարտատոմսեր գնելու միջոցով: 

Բնականաբար, Ռուսաստանի համար խնդիր է դառնում հնարավոր իշխանափոխությունը, երբ պաշտոնական Կիևում իշխանության կգան արևմտամետ ուժերը և Արևմուտքի աջակցությունն ունենալով` բավական համարձակ կխոսեն Մոսկվայի հետ: Այդ դեպքում կստացվի, որ Մոսկվան ընդամենը ավանս է տվել Ուկրաինայի նոր իշխանություններին, որոնք բոլորովին Մոսկվայի հետ չեն: Բնականաբար, միանգամայն տրամաբանորեն և օբյեկտիվորեն Պուտինը կարող էր Յանուկովիչի առաջ դնել հարցը՝ միլիարդները կստանաս, եթե տաս երաշխիքներ ոչ միայն ներկայիս Մայդանից որևէ վտանգի բացակայության, այլ նաև մեկ տարի անց տեղի ունենալիք ընտրություններում իշխանափոխության որևէ վտանգի բացակայության կապակցությամբ:

Ըստ էության, Յանուկովիչը ուժային գործողությամբ փորձում է ոչ միայն Մայդան ցրել, այլ Ուկրաինայում ընդհանրապես ցրել քաղաքական ընդդիմությունը և նախագահական ընտրություններից առաջ ստեղծել մի այնպիսի իրավիճակ, երբ մինչև ընտրությունները մոտ մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի ընդդիմությունն ու հասարակությունը չեն կարող ուշքի գալ հարվածից և դիմակայել Յանուկովիչի վերընտրությանը նախագահի պաշտոնում:

Ամբողջ հարցը այդ ամենն անելու հնարավորությունն ու կարողությունն է: Կստացվի՞ Յանուկովիչի մոտ ուկրաինական հասարակության բողոքը կոտրել այնպես, որ ուշքի չգան մեկ տարուց ավելի: Սա մի հարց է, որը այս օրերին գոնե պատասխան չունի: Համենայնդեպս, Կիևում տեղի են ունենում չափազանց լարված և դաժան բախումներ, և դժվար է կանխատեսել հասարակության դիմադրունակության որևէ հեռանկար: Առայժմ ուկրաինացիները ցույց են տվել, որ հաստատակամ են որպես հասարակություն, պայքարող են, ոգի ունեն: Սակայն իշխանական ուժի դեմ, իհարկե, այդ ամենը քիչ է: Ուկրաինացիները «նարնջագույն հեղափոխության» ընթացքում անգամ չեն բախվել նման ուժային հակազդեցության, և այս տեսանկյունից ամեն ինչ շատ անորոշ է:

Փորձենք հասկանալ, թե զարգացումների այս կամ այն տարբերակը ինչ է հուշում միջնաժամկետ հեռանկարում: Եթե Յանուկովիչը հաղթի, ապա շատ հավանական է դառնում Ուկրաինայի տրոհման գործընթացի գործնական մեկնարկ, և ուկրաինական Արևմուտքը կարող է պարզապես որպես Ուկրաինան Յանուկովիչի ռեժիմից ազատագրելու տարբերակ ընտրել նաև արևմտյան հատվածն ազատագրելու քայլը` նկատի առնելով, որ այդ հատվածում իշխանությունների դիրքերը իսկապես թույլ են: Սա արդեն կսպառնա քաղաքացիական երկարատև և արյունալի բախումներով: Եթե հաղթի հասարակությունը, ապա սա արդեն առաջին հերթին հարված է ոչ թե Յանուկովիչին, այլ Ռուսաստանին և կայսրության վերականգնման նրա պլաններին: Սակայն այդ դեպքում, իհարկե, Ռուսաստանը մտածելու է հակահարվածի մասին, իհարկե ոչ թե ուկրաինացիներին, այլ Արևմուտքին:

Եվ այս տեսանկյունից հակահարվածի ամենահավանական ուղղություններից մեկը դառնում է Կովկասը: Սրան պետք է պատրաստ լինեն և Հայաստանի իշխանությունները, և առաջին հերթին հասարակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել