1in.am-ը գրում է.
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել «Ժնև-2» խաղաղ համաժողովի մասնակիցներին՝ օգնել կառավարությանն ու ընդդիմությանը ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Կոչ ենք անում համաժողովի բոլոր մասնակիցներին անել ամեն բան՝ օգնելու Սիրիայի կառավարությանն ու ընդդիմությանը՝ միավորելու ջանքերը ահաբեկչությունն արմատախիլ անելու նպատակով: Հիշեցնում եմ, որ այդպիսի կոչ էին արել «Ութնյակի խմբի» առաջնորդները 2013-ի հունիսին Լոխ-Էրնում կայացած գագաթնաժողովի եզարափակիչ կոմյունիկեում»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Սիրիայի հարցով միջազգային համաժողովի բացմանը:
Նրա խոսքով՝ «Ժնև-2»-ում մասնակցությամբ հետաքրքրված Սիրիայի առանձին ընդդիմադիր խմբերը, ինչպես նաև Իրանը պետք է միանան Սիրիայի հարցով բանակցություններին: Լավրովը նշել է, որ իրավիճակն անհրաժեշտ է շտկել՝ ապահովելով նրանց միացումը բանակցություններին, թեկուզ ոչ առաջին օրվանից:
Լավրովը հիշեցրել է, որ ժնևյան կոմյունիկեում, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ 2118 բանաձևում նշվում է, որ ազգային երկխոսությանը մասնակցելու հնարավորություն պետք է տրվի սիրիական հասարակության բոլոր խմբերին:



