Aysor.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Գյանջայում տեղի ունեցած նոր թաղամասի բացման արարողության ժամանակ, բնակիչների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի ներկայիս տարածքը Ադրբեջանի պատմական տարածքներից է և ադրբեջանցի երեխաներն ու երիտասարդները պետք է ապրեն այդ գաղափարներով: Նա նշել է, թե հետագայում ադրբեջանցիները պետք է ապրեն իրենց պատմական տարածքներում:

Մինչ Ադրբեջանում ու Թուրքիայում ամենաբարձր մակարդակով բարձրաձայնում են Հայաստանի տարածքի վերաբերյալ իրենց հավակնությունների մասին, տարբեր ծրագրերով Հայաստան են ժամանում թուրքեր, որոնց նպատակը իբրև թե պատմական հարևանների հետ հարաբերությունների ջերմացումն է:

Ավելին, այն թուրքերը, որոնք այս կամ այն «հաշտեցման» ծրագրի անվան տակ գալիս են Հայաստան ու հետագայում սոցիալական ցանցում զետեղում Հայաստան կատարած այցի վերաբերյալ լուսանկարներ, ակնհայտ է դառնում, որ դրանց մի մասը կամ «գորշ գայլեր» կազմակերպության անդամ է կամ նվազագույնը համակիր:

Դրանում կարելի է համոզվել` նայելով ՖԲ-ում վերջիններիս զետեղած լուսանկարներից:

Այս լուսանկարները վերջին օրերին տարածվեցին Facebook սոցիալական կայքում: Դրանցում թուրք գործիչ   Հասան Օքթայն է, ով մի քանի անգամ այցելել է Հայաստան:

Վերջին այցելության նպատակն, ըստ ankakh.com-ի, Երևանում թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության գրասենյակ բացումն է:

Տեղի ունեցողը ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանն Aysor.am-ի հետ զրույցում որակեց մեկ բառով՝ լկտիություն:

«Մեր իշխանությունները, մեր հատուկ ծառայությունները բարձիթողի վիճակ են ստեղծել ու այն, ինչ տեսանք, դրա հետևանքն է»,- ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկը` ավելացնելով.

«Ես ընդհանրապես իմաստ չեմ տեսնում թուրքական գործակալության բացման մեջ Երևանում: Ես ընդհանրապես թուրքական ամեն ինչին եմ դեմ Հայաստանում: Հատուկ են անում նման բաներ, նման լուսանկարներ, որ ցույց տան՝ թե տեսեք մենք ամեն տեղ ենք: Պետք է ազգային անվտանգության ծառայությունները զբաղվեն այս հարցով»,- ասաց Վազգեն Սիսլյանը:

Նշենք, որ «Գորշ գայլերը» թուրքական ծայրահեղ ազգայնական կազմակերպություն է: Այն գլխավորապես պայքարում է հայերի, հույների, հրեաների ու քրդերի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել