1in.am-ը գրում է.
Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆստադստը «Հանուն Եվրոպայի լիբերալների ու դեմոկրատների դաշինքի» կողմից առաջադրվել է որպես Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածու: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել են Եվրախորհրդարանում լիբերալ-դեմոկրատների խմբակցության մամլո ծառայությունում: Խմբակցությունը թվաքանակով և ազդեցությամբ երրորդն է ասամբլեայում:
Տնտեսական և ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենը, ով նույնպես լիբերալ-դեմոկրատ է, հրաժարվել է Եվրահանձնաժողովի ղեկավարի աթոռը զբաղեցնելու իր սկզբնական ծրագրից, սակայն դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԵՄ բարձրագույն պաշտոններից մեկի թեկնածու:
Վերլուծաբանները ԵՄ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնի առավել հավանական թեկնածուներ են համարում Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին և Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերին:
Եվրահանձնաժողովի ղեկավարի աթոռը, որը ներկայում զբաղեցնում է Ժոզե Մանուել Բարոզուն, թափուր կմնա 2014-ի մայիսին՝ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո: Համաձայն լիսաբոնյան պայմանագրի՝ հենց Եվրախորհրդարանն է հաստատում Եվրահանձնաժողովի նախագահին, որի թեկնածությունը ԵՄ-ում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առաջադրում է Եվրոպական խորհուրդը:



