ՄԱԿ-ը ետ է կանչել Իրանի հրավերը՝ մասնակցելու Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովին, որը տեղի է ունենալու Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում՝ հունվարի 23-ին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն արձագանքել է՝ որակելով այդ որոշումը սխալ: Սա պարզապես ցույց է տալիս, որ Արևմուտքը, ի վերջո, հակված չէ լուծել այս խնդիրը խաղաղ և առանց տարածաշրջանային ուժային բալանսը խախտելու: Իսկ կհաջողվի՞ լուծում գտնել ստեղծած իրավիճակին՝ առանց տարածաշրջանային տերություններից մեկի մասնակցությամբ, կպարզվի ընդամենը մի քանի օրից, երբ Մոնտրեում կհայտնվեն աշխարհի ավելի քան 40 երկրների արտգործնախարարները:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները հույս էին ներշնչում, որ Իրանի հետ համագործակցությունը Սիրիայի շուրջ ծավալվող գործընթացներում կընթանար նույն տրամաբանությամբ, սակայն, այժմ ունենք այն, ինչ ունենք: Եթե Իրանի միջուկային խնդրի շուրջ ԱՄՆ-ն ի վիճակի եղավ անտեսելու Իսրայելի՝ այս հարցում ամենաշահագրգիռ պետություններից մեկի կողմից տարատեսակ ճնշումները և սպառնալիքները, ապա այս հարցում շահագրգիռ կողմերը մի քանիսն են: Տարածաշրջանային գործընթացներից Իրանին դուրս մղելու, և դրանով նվազեցնելու վերջինիս քաղաքական կշիռը առկա խնդիրների շուրջ ձեռնտու է թե՛ Թուրքիային, թե՛ Քաթարին, և թե՛, ի վերջո, Սաուդյան Արաբիային, որը պայքարում է տարածաշրջանային հեգեմոն դառնալու համար ոչ այնքան Թուրքիայի, որքան Իրանի հետ:
Կարծում եմ, որ Իրանը հենց այնպես չի ներքաշվի իր մեջ և սպասի, թե ինչպես է տարածաշրջանում իր միակ դաշնակիցը կա՛մ մասնատվում, կա՛մ էլ դառնում անճանաչելի՝ պոտենցիալ սուննիական կառավարության օրոք: Չնայած կարծում եմ, որ վերջին տարբերակը թերևս չարյած փոքրագույնը կլինի Իրանի համար, քանի որ մասնատման արդյունքում ոչ միայն Իսլամի այդ ուղղությանը հարող մեծամասնության կողմից երկիր կստեղծվի, այլև դրան զուգահեռ տարբեր ծայրահեղական խմբավորումների կողմից տարբեր շրջաններում կստեղծվեն առանձին միավորներ և վերջապես իր սահմանի մոտ կստեղծվի ևս մեկ քրդական ինքնավար մարզ (առաջինը՝ Իրաքում 2005-ին), որը հետագայում էլ ավելի մեծ սպառնալիք կդառնա Իրանի ազգային անվտանգության համար: Այնպես որ, եթե միջազգային հանրությունն իրոք հավաքվում է խնդրի լուծում գտնելու համար, ապա պետք է գտնել այնպիսին, որը կվայելի համընդհանուր ըմբռնում տարածաշրջանում առկա բոլոր շահագրգիրռ կողմերի շրջանում, այլապես խաղաղության սպասելն, առավել ևս այս դեպքում, անիրատեսական է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/639408479459666?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել