Կրքերը Կիևում թեժանում են: Երեկ տեղի են ունեցել բախումներ եվրաինտեգրման կողմնակիցների և իրավապահների միջև, բայց այս անգամ` քաղաքացիներին սահմանափակող նոր օրենքների ընդունման ֆոնին: Բախումների հետևանքով տուժել են թե´ ոստիկաններ, թե´ բազմաթիվ ցուցարարներ: Տարբեր հաշվարկներով՝ տուժածների թիվը գերազանցում է հարյուրը: Ահա և այսպիսի իրավիճակում է հայտնվել մեր նախկին եղբայրական երկիրը: Երբ ՀՀ նախագահը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ Հայաստանը ցանկություն ունի անդամակցել Մաքսային միությանը, հասարակության շրջանում, բացի սառը ցնցուղի զգացողությունից, ոչինչ չպատահեց: Մենք մեզ շատ էինք քննադատում այն բանի համար, որ հանձնվեցինք առանց պայքարի: Այժմ հարցերս հետևյալն են՝ ի՞նչ է շահում Ուկրաինան իր իսկ կառավարության՝ երկրի ապագայի վերաբերյալ ոչ միանշանակ դիրքորոշումից և երկրում տիրող իրավիճակից, ի՞նչ են շահում այն ցուցարարները, ովքեր պայքարում են՝ իրենց ձայնը հասանելի դարձնելու համար և ազդելու կառավարության որոշման վրա, և ի վերջո, ո՞ւր է գնում Ուկրաինան նման կեցվածքով:

Այս բախումներն արդեն հասցրել է քննադատել պաշտոնական Վաշինգտոնը և սպառնացել պատժամիջոցներ կիրառել երկրի նկատմամբ, եթե Ուկրաինայի իշխանությունները Կիևից դուրս չբերեն հատուկջոկատայիններին: Ըստ «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Յավորիվսկիի՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի նկատմամբ արդեն իսկ սահմանել է պատժամիջոցներ: Այս մասին վերջինս գրել է իր Facebook-յան էջում: Ուկրաինայում տիրում է իսկական քաոս: Մի կողմից Ռուսաստանը փորձում է պահպանել ավանդապես իր ազդեցության գոտում գտնվող տարածքները՝ այս դեպքում Ուկրաինան, իսկ մյուս կողմից՝ Արևմուտքը՝ ի դեմս ԵՄ-ի, փորձում է ընդլայնել սեփական ազդեցության գոտիները, մինչդեռ զուգահեռ տիրող խժդժությունների արդյունքում տուժում է հասարակ ժողովուրդը: Ահա և ստեղծված իրավիճակին համաձայն այսպիսի ռեալիստական տեսության վերլուծություն: 


Երկիրն այժմ կանգնած է մասնատման իրական վտանգի առջև: Եվրաինտեգրամ կողմնակիցները, մեծ հաշվով, արևմտյան շրջանների բնակիչներն են, այսպես կոչված Արևմտյան Ուկրաինան է, որը երբեք Ռուսական կայսրության մաս չի կազմել և միայն 1939 թվականին է միացել Ուկրաինայի խորհրդային սոցիալիստական հանրապետությանը: Արդյո՞ք ներկայիս իշխանությունները կկարողանան այնպիսի լուծում գտնել, որ հնարավոր լինի պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը՝ լինի ուժով, թե հասարակության լայն շերտերը գոհացնող որոշումներով: 

Երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը դեռ անցած տարի ասել էր, որ երկիրը ետ չի կանգնի եվրաինտեգրամ ճանապարհից և կարծիք հայտնել, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիրը կարող է ստորագրվել 2014 թվականի սկզբին՝ «Ուկրաինա-ԵՄ» գագաթաժողովի ժամանակ: Կարծում եմ՝ նման որոշումն, իր հերթին, կարող է սադրել Մաքսային միության կողմնակիցների բողոք և ավելի խորացնել ներքաղաքական ճգնաժամը Ուկրաինայում: 

Այնպես որ, ելքը հետևյալն է՝ կամ Ուկրաինան որոշում է կայացնում ստորագրել ԵՄ-ի հետ այդ ասոցացման համաձայնագիրը և ինչ-որ հրաշքով կարողանում է լեզու գտնել Ռուսաստանի հետ, կամ, ճիշտ հակառակը՝ չի ստորագրում և այդ լեզուն փորձում է գտնել ԵՄ-ի հետ, և փորձում գտնել այնպես, որ կարողանա հանգստացնել Մայդանի հրապարակում հավաքվածներին: Երրորդ սցենարը քաղաքացիական պատերազմն է, որն ամենայն հավանականությամբ, կհանգեցնի երկրի պառակտմանը, իսկ չորրորդ և ամենաիրատեսական տարբերակը փորձել մասնատել ընդդիմությանը և լավ կազմակերպված և վերահսկվող ուժով վերահսկել ցույցերը, մինչև որ դրանք իրենց հունով չմարեն: 

Հ.Գ. Washington Post-ի տվյալներով՝ ակտիվիստներն արդեն սկսել են լուրջ մտահոգություն հայտնել, որ ընդդիմության ներսում չկա միասնական ղեկավար և շարժումը անարդյունավետ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել