Հունվարի 18-ի հանրահավաքից առաջ խորհրդարանական ընդդիմադիր բոլոր ուժերը միաբերան հայտարարում էին, թե իրենք ոչ մի առնչություն չունեն հանրահավաքի կազմակերպման հետ։ Բայց երբ հետևում ես նրանց սպասարկող լրատվամիջոցներին, ակնհայտ է, որ յուրաքանչյուր ուժ փորձում է հանրահավաքային վերմակն իր վրա քաշել ու դափնիներն ինքը վայելել։ 
Ընդդիմադիր ուժերի միասնական լինելու հեռանկարը որքան անիրատեսական էր հանրահավաքից առաջ, նույնքան էլ՝ հետո։ Նման համախմբումների փորձ այս տարիների ընթացքում տեսել ենք ընտրական տարբեր գործընթացներում տարբեր շտաբների տեսքով։ Օրինակ, ինձ հետաքրքիր է` ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն համախմբվել ՀԱԿ-ի, կամ ՀՅԴ-ն «Ժառանգության» հետ. մի՞թե հաշվի են առնվել կուսակցական առանձնահատկություններն ու շահերը: Անգամ իշխանության դեմ պայքարը չի կարող համախմբել այս ուժերին։ Համախմբումն այդպես էլ էվոլյուցիա չի ապրում։ Նմանատիպ գործելաոճով փորձում են ոչ թե երկարացնել, այլ կեղծել իրենց պիտանելիության ժամկետը։ Փոխարենը շաբաթօրյա հանրահավաքի կազմակերպիչները ցույց տվեցին, որ առանց այդ ուժերի էլ հնարավոր է ձեռք բերել ժողովրդի ընդդիմադիր հատվածի վստահությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել