«Ես իմ ամբողջ ընտանիքը 2007 թ. կորցրել եմ ավտովթարից` հորս, մորս, ամուսնուս, որդուս,- պատմում է 58-ամյա տիկին Ալիսը,- ազատամարտիկ Ճուտոյի մայրն եմ, երևի գիտեք, սաղ խոնարհվում են նրա առաջ, բայց ինչի՞ս ա պետք, որ էսօր դրսում եմ մնացել, տուն չունեմ»: «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների կացարանում հայտնված կինն արցունքն աչքերին պատմում է սարսափելի ավտովթարի մանրամասները, որից հետո իր կյանքը հիմնովին շրջվել է:
Դեպքից հետո նա բնակարանը գրավ է դրել բանկում և գումար վերցրել, որ ապրի, թաղման ծախսերը հոգա, հետո չի կարողացել տոկոսները մարել, պարտքը կուտակվել է, և ի վերջո բանկը բնակարանը հանել է աճուրդի, վաճառել, իր պարտքը վերցրել, որոշ գումար էլ կնոջը տվել: «Էդ գումարն էնքան չնչին էր, որ չկարողացա ուրիշ բնակարան առնեմ, դրանով միայն հարազատներիս գերեզմանոցը սարքեցի, էնպիսի մի գերեզմանոց, որ կողքից նայողը երբեք չի հավատա, որ դա իմ նման անտեր մեկն է սարքել»: Տիկին Ալիսի ծնողները 1940-ականներին Հունաստանից են ներգաղթել հայրենիք, և հիմա նա որևէ բարեկամ Հայաստանում չունի: Միակ սփոփանքը թոռնիկն է, որը հարսի հետ միասին նրա ծնողների խնամքի տակ է: «Գնում էին Վրաստան հարսանիքի, երբ էդ դեպքը պատահեց,- պատմում է նա,- հարսս հղի էր, արդեն պիտի ծննդաբերեր, ամուսինս չթողեց, որ հետները գնա…Դեպքից չորս օր հետո թոռնիկս ծնվեց: Տղայիս անունը դրեցինք…»:
Հարազատներին կորցնելուց հետո կինը երկու անգամ ինֆարկտ է ստացել, բազում հիվանդություններ ձեռք բերել և այսօր ի վիճակի չէ զբաղվելու իր աշխատանքով` դերձակությամբ: «Բոլորս տարբեր հանգամանքներով հայտնվել ենք էստեղ, համարյա բոլորիս ճակատագրերը նույնն են, ուղղակի ձեռագրերն են տարբեր: Հիմա մեզ բոլորիս անհանգստացնում է էն հարցը, թե ի՞նչ պիտի լինի, որովհետև օրենքով մենք էստեղ կարող ենք մնալ ընդամենը երեք ամիս: Լավ, բա հետո՞ ինչ է լինելու»:
Հիմնադրամի և կենտրոնի ղեկավար Շավարշ Խաչատրյանը նշում է, որ ճիշտ է, օրենքը դա է պահանջում, բայց իրենք պետք է այդ մարդկանց հարցերը լուծեն, հետո նրանց կացարանից դուրս գրեն: «Այդ մարդիկ փողոցում չեն հայտնվի»,-հավաստիացնում է նա:
Խաչատրյանի խոսքով՝ երկու տարվա ընթացքում շուրջ 230 անօթևան են ընդունել, որոնցից մոտ 160-ի հարցը լուծել են, 37-ը վերադարձել են հարազատների մոտ, նրանց հաշտեցրել են, 30 հոգի ինքնուրույն կյանք է սկսել, 4 զույգ ամուսնացել է, մի մասին օգնել են գտնել հարազատներին և այլն:
Պետական կառույցները, տեսնելով հիմնադրամի գործունեության արդյունավետությունը, նախորդ տարվա վերջին որոշել են Չորրորդ գյուղում գտնվող պետական կացարանը փակել, պետբյուջեից հատկացվող գումարը փոխանցել այս հիմնադրամին, շահառուներին էլ տեղափոխել այստեղ, քանի որ նրանց ծրագիրն ավելի արդյունավետ է. նրանք ոչ միայն կացարանում պահում են անօթևաններին, այլև նրանց համար դասընթացներ են իրականացնում՝ փորձելով ինքնուրույն կյանքի տանել:
Հունվարի 1-ից 43 անօթևան արդեն նոր կացարանում է, և ընդհանուր անօթևանների թիվն այստեղ հասնում է գրեթե հարյուրի:
«Այս մարդկանց հարցերը լուծելը շատ դժվար է,-ասում է կենտրոնի ղեկավարը,-տարիներով ապրելով փողոցում` կորցնում են իրենց բոլոր փաստաթղթերը, և շատ դժվար է լինում դրանք վերականգնելը»: Նա բերում է մի օրինակ, երբ երկու տարում են կարողացել իրենց շահառուներից մեկի անձնագրի հարցը լուծել: «Ռուսաստանից էր: Եկել էր Հայաստան եղբոր մոտ, հետո եղբայրը իր տունը վաճառել, գնացել էր, էդ մարդը մնացել էր դրսում, փաստաթղթերն էլ կորցրել էր, ո՛չ կարող էր գնալ Ռուսաստան, որտեղ տուն, ապրուստ ուներ, ո՛չ կարող էր մնալ: Երկու տարի չարչարվելուց հետո կարողացանք նրա փաստաթղթերի հարցը լուծել, որ հետ գնա»:
Կացարանում կան նաև հոգեկան խնդիրներ ունեցողներ, ինչը հոգեպես ճնշում է մյուս շահառուներին: Սակայն նրանց հոգեբուժարան տեղափոխելը շատ դժվար է, քանի որ հարազատներից մեկը պետք է դիմի դատարան` հիվանդին անգործունակ ճանաչելու համար, որից հետո նոր կարող են տեղափոխել: Սակայն այս դեպքում բարեկամներ չկան: Տնօրենի խոսքով` կան անօթևաններ, որոնք կացարան են հասնում սարսափելի վիճակում` հիվանդ, կեղտոտ, տարիներով չլողացած, ոչ ադեկվատ վիճակում: Երբ անօթևանին բերում են կացարան, նախ ախտահանում են, սափրում, լողացնում, հետո տեղավորում մեկուսարանում, հին և կեղտոտ հագուստն այրում, նոր հագուստ տալիս, որից հետո ուղեկցում են պոլիկլինիկա` հետազոտման: Այդ ամենից հետո նա կարող է մյուսների հետ ընդհանուր սենյակներում ապրել: Սնունդն այստեղ օրական երկու անգամ է տրվում` առավոտյան և երեկոյան: Դա ամրագրված է սոցիալական աջակցության օրենքում՝ հաշվի առնելով այն, որ շահառուները պետք է կեսօրին աշխատանքի գնան և միայն առավոտյան ու երեկոյան անցկացնեն կացարաններում: Սակայն այս կացարանում շատերն անկողնային վիճակում են, և կեսօրին նրանց կերակրում են, չնայած դրա իրավունքը չունեն:
Քանի որ կենտրոնի հիմնական նպատակը անօթևաններին ինքնուրույն կյանքի վերադարձնելն է, հիմնադրամի ղեկավարը կարևորում է իրենց կողմից տրամադրվող անվճար դասընթացները: Խաչատրյանի խոսքով` իրենց շահառուների (ոչ միայն անօթևանների) 60-70 տոկոսն այստեղ ստացած գիտելիքների շնորհիվ աշխատանք է գտել: Սակայն կարևոր է նաև, որ մարդն ինքը ցանկանա վերադառնալ հասարակություն, աշխատել: Այդ ցանկությունը նրանց մեջ առաջացնելը նույնպես կենտրոնի սոցիալական աշխատողների և հոգեբանների աշխատանքի մի մասն է: Ի դեպ, անօթևաններից մեկը մեզ ասաց, որ իրեն աշխատանք են առաջարկել այստեղ. լվացքատան, սանհանգույցի մաքրմամբ պետք է զբաղվի: Շավարշ Խաչատրյանն ընդգծում է, որ անօթևանները գրեթե չեն զբաղվում մուրացկանությամբ. «Դա թյուր կարծիք է: Երևան քաղաքում մուրացկանությամբ զբաղվում են տուն ունեցողները, որոնց մուրացկանության են դրդում ծնողները, զավակները, թոռները, հարսը…»: