Այսօր կկայանա հանրահավաք՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, որի հիմնական կազմակերպիչն է «Դեմ ենք կուտակային պարտադիր բաղադրիչի կիրառմանը» նախաձեռնող խումբը: Խորհրդարանկան չորս ուժերը` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, պատրաստկամություն են հայտնել մասնակցելու այդ հանրահավաքին: Այս առիթով մամուլում և սոցիալական ցանցերում հնչում են տարբեր կարծիքներ թե՛ այս ակցիայի, թե´ բուն բովանդակության, թե´ տեսակի, թե´ հնարավոր հաջողությունների և ձախողումների վերաբերյալ: Ոմանք կարծում են, որ սա սովորական քաղաքացիական ակցիա է, ոմանք, որ սա քաղաքացիական ակցիա է, որը փորձում են քաղաքականացնել վերոնշյալ խորհրդարանական չորս ուժերը և փորձել քաղաքական դիվիդենտներ շահել ստեղծված իրավիճակից, ոմանք հույս ունեն, որ այն վերջապես կմիավորի մեր ամբողջ հասարակությանը, իսկ ոմանք հոռետեսորեն են նայում այդ հեռանկարին, և վերջապես կա նաև մոտեցում, որ այս ակցիայի ետևում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Եկեք փորձենք հասկանալ, թե ի վերջո, ում է «պատկանում» այս քաղաքացիական ակցիան, և ինչ ակնկալիքներ պետք է ունենալ այսօր կամ առնվազն մոտ ապագայում: Հունվարի 10-ին խորհրդարանական 4 խմբակցություններ անցկացրեցին համատեղ խորհրդակցություն, որին, ըստ Ռուբեն Հակոբյանի, մասնակցել են նաև «Դեմ ենք կուտակային պարտադիր բաղադրիչի կիրառմանը» նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ և որոշում է կայացվել հունվարի 18-ին անցկացնել հանրահավաք և պահանջել Սահմանադրական դատարանից կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի կիրառումը, մինչև ՍԴ-ի կողմից այդ օրենքի վերաբերյալ որոշման ընդունումը: Այսպիսով, մի կողմից խորհրդարանական այս ուժերը պնդում են, որ այս նախաձեռնությունը և ակցիան որպես այդպիսին լիովին պատկանում են քաղաքացիական նախաձեռնություններին, բայց մյուս կողմից, այն հարցին, թե արդյո՞ք նրանք դիմելու են իրենց համակիրներին` ընտրազանգվածին, որպեսզի նրանք միանան այդ հանրահավաքին, հնչում են տարատեսակ պատասխաններ: ՀՅԴ-ն և Ժառանգություն բացահայտ ասում են, որ նրանք կազմակերպչական աշխատանք կտանեն իրենց համակիրների՝ հանրահավաքի մասնակցության վերաբերյալ, իսկ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն մի քիչ ավելի խուսափոխական պատասխաններ են տալիս այս հարցի շուրջ՝ չհաշված ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանի ոչ պաշտոնական և կտրուկ «Ոչ, մենք չենք դիմելու» պատասխանը:
Ինչևէ, հանրահավաքին ուղղված, այսպես կոչված, տեխնիկական հարցերն ավարտելուց հետո հասարակության տարբեր շերտեր սկսեցին վերաբերմունք արտահայտել հունվարի 18-ին կայանալիք այդ հանրահավաքին: Մի շարք քաղաքական գործիչներ հույս ունեն, որ մեր հասարակությունն, ի վերջո, կմիավորվի, և հունվարի 18-ից հետո իրավիճակի փոփոխություն կլինի: Օրինակ, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ կլինեն տեղաշարժեր, քանի որ երկրում կուտակվել է բավական մեծ սոցիալական դժգոհություն, և այդ դժգոհությունը չեզոքացնելու նպատակով նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ստիպված լինի փոփոխությունների գնալ, մինչդեռ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը թերահավատորեն է մոտենում քաղաքական ուժերի և դրա արդյունքում հասարակության միավորման հավանականությանը` մեջ բերելով Ժառանգությունից Դավիթ Սանասարյանին, ով արդեն իսկ հայտարարել է, որ ինքը չի մասնակցի մի բանի, որտեղ ԲՀԿ-ն կա, բայց, այնուամենայնիվ, քաղտեխնոլոգի կարծիքով, ամեն ինչ կախված է հանրահավաքին մասնակցող մարդկանց քանակից: Այս քննարկումներին զուգահեռ՝ ակտիվություն են ցուցաբերում նաև հայ մշակութային, հեռուստատեսության և շոուբիզնեսի ոլորտի որոշ ներկայացուցիչներ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում այս նախաձեռնությանը:
Զուգահեռ այս խառը և տարաբնույթ մոտեցումներին՝ հիմնական բանախոսների աջակցությունը չվայելող մի փոքր զանգված խոսում է այն մասին, որ այս ամենը կարող է և կազկապերպված լինել Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այս վարկածը ճիշտ է մի քիչ անտեսված է, բայց կարծում եմ, որ շատ թերագնահատել չարժե: Վերջին շրջանում Քոչարյանի ակտիվությունն (իրար հաջորդող հարցազրույցները) հենց այն հարցերի շուրջ են, որոնք ամենաշատն են մտահոգում մեր հասարակությանը: Այսօր ստեղծված է այնպիսի ներքաղաքական իրավիճակ, որ չի բացառվում այս 4 ուժերի կոնսոլիդացիա ընդդեմ մեկ գաղափարի՝ իշխանափոխության, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն, լինելով այս կուսակցություններից ամենահզորը և Քոչարյանի հիմնական քաղաքական հենարանը նրա՝ մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո (համենայնդեպս, այս համոզմունքին համակարծիք է փորձագետների մեծ մասը), բնավ չի կարելի բացառել նման սցենարի հավանականությունը:
Հանրահավաքին մնացել է ընդամենը մեկ ժամ, և դրանից հետո կա´մ անմիջապես, կա´մ էլ առաջիկա օրերի ընթացքում կամաց-կամաց կստանանք մեզ հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ: Օրինակ, կփորձե՞ն արդյոք կուսակցությունները մանիպուլացնել, կամ եթե ավելի մեղմ արտահայտվենք, օգտվել ստեղծված իրավիճակից և առաջ տանել նեղ-կուսակցական շահերը, արդյո՞ք սա զուտ քաղաքացիական ակցիա է, որը պետք է համախմբի մեր հասարակությունը այնպիսի կարևորագույն սոցիալական հարցի շուրջ, որպիսին որ սա է, և, ի վերջո, կա՞ այս ամենի շուրջ լուրջ հաշվարկված քաղաքական ենթատեքստ, թե ոչ: Վերջին հնարավոր տարբերակն էլ այն կլինի, որ ականատեսը կլինենք մի իրավիճակի, որը չափազանց բնորոշ է մեզ` հանրահավաքից հետո հուսալքված, հիասթափված մարդիկ, ովքեր վերադառնում են իրենց տներն՝ առանց արդարության ներկայության զգացումի և վաղվա օրվա հանդեպ հավատի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=455465167909496&id=100003380511187&stream_ref=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել