Ամսվա վերջին նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Փարիզում, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ դեկտեմբերին՝ Կիևում կայացած հանդիպման ժամանակ: Այս ինտենսիվ հանդիպումներն արդյունք են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպման, որտեղ նախագահները համաձայնեցին ավելի հաճախակիացնել բարձր մակարդակով հանդիպումները և նոր թափ հաղորդել բանակցային գործընթացին: Այժմ ակնկալվում է, որ պետք է առաջընթաց գրանցվի երկու նախարարների գալիք հանդիպման ընթացքում, որն էլ իր հերթին պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջիկա պաշտոնական հանդիպման համար: Կունենա՞նք առաջընթաց կամ էլ «շոշափելի» առաջընթաց, որն,ի վերջո, ընկալելի կլինի ոչ միայն դիվանագետների, այլև շարքային քաղաքացու համար, թե ոչ, դեռ կտեսնենք, բայց դրա համար նախադրյալները նպաստավոր չեն:
Նախագահների հանդիպումից հետո երկու կողմերն էլ «նորմալ» գնահատեցին իրենց հանդիպումը և միմյանց մոտ պատրաստակամություն նկատեցին բանակցային գործընթացը առաջ տանելու ուղղությամբ: Երկուսն էլ հայտարարեցին, որ մյուս կողմը, կարծես, հետ է կանգնել իր ծայրահեղ մոտեցումներից և պատրաստ է փնտրել խնդրի իրատեսական լուծման տարբերակներ: Ինչ խոսք, այդպես կոչված իրատեսական տարբերակներն ամեն կողմ մի կերպ է պատկերացնում. մեր նախագահը, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (լավագույն դեպքում շրջակա ազատագրված տարածքների հետ մեկտեղ), իսկ Ալիևը, որ Հայաստանը ոչ միայն դուրս բերի հայկական զորքերն ազատագրված տարածքներից, այլև նախկին ԼՂԻՄ-ի տարածքից, այսպես ասած, Ադրբեջանի պատմական և սուվերեն տարածքներից (այսինքն, Ադրբեջանի համար ընդհանրապես չկա մինիմալիստական մոտեցում): Եթե նախագահների վերջին հանդիպումը որոշակի հույսեր արթնացրեց առաջընթացի ուղղությամբ, ապա դրան հաջորդող դեպքերը վերականգնեցին բանակցային գործընթացի «status quo»-ն: Դրա վառ ապացույցը հունվարի 15-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած Ալիև-Ռասմուսեն մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի նախագահի բնորոշ ոճով պատասխանն էր՝ Արցախի հետ կապված լրագրողի կողմից հնչեցրած հարցին: Առանց Ալիևի խոսքերի մեջբերման ասեմ, որ երգվեց ճիշտ այն երգը, որը մենք սովոր ենք լսել վերջին 20 տարիների ընթացքում:
Նման քաղաքականությունը (ծայրահեղ դիրքորոշումները որպես առանցքային շահեր ներկայացնելը) միջազգային հարաբերություններւմ կոչվում է zero-sum game (մեկը շահում է, իսկ մյուսը՝ կորցնում) գործնականում շատ դժվար է կիրառել, եթե գործ չունենք ակնհայտ ուժային դիսբալանսի հետ: Նման տրամադրվածությամբ ակնկալել, որ տվյալ ամսվա վերջին երկու երկրների նախարարների միջև ընթացող բանակցություններում կարող է գրանցվել առաջընթաց (չհաշված բանակցությունների ձգձգումը), կարծում եմ, միամտություն է: Այնպես որ, հարգելի ընթերցող, այդ հանդիպման նախօրեին կամ հենց այդ օրը կարող եք հանգիստ քնել՝ առանց ֆենոմենալ զարգացումների սպասելիքներով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=455023014620378&id=100003380511187&stream_ref=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել