Տարիներ շարունակ Քարվաճառ այցելող հյուրերը զարմանքով նկատում են քաղաքի գլխավոր փողոցներով առատորեն հոսող ջուրը, որը հասցրել է լուրջ վնաս պատճառել՝ համատարած քայքայելով ճանապարհային ծածկույթը: Եթե ամռանը փողոցներ քայքայող ջրահոսքերը սոսկափսոսանք են առաջացնում, ապա ձմռանն իրավիճակը շեշտակիորեն բարդանում է: Քաղաքի տարբեր հատվածներում գոյանում են ահռելի սառցադաշտեր, որոնք մեծապես դժվարացնում են ավտոմեքենաների շարժը և ստեղծում լուրջ վթարահարույց իրավիճակներ:

Բնակչության համար իսկական պատուհաս են դարձել նաև «ջրային խուլիգանները», որոնք իրենց կամեցած պահին ջրբաշխ հանգույցից անջատում են իրենց թաղի կամ ողջ քաղաքի ջուրը, սեփական հայեցողությամբ «կարգավորում» են ջրի ճնշումն՝ այն ուղղելով իրենց կարիքների համար, բնականաբար՝ ի վնաս հարևան համաքաղաքացիների: Կարիք չկա հավելելու, որ նման գործողությունները միանգամայն ապօրինի և անհանդուրժելի լինելով հանդերձ, հաճախ լուրջ վնաս են հասցնում բնակչությանը, որը ստիպված է ժամերով ու օրերով հալեցնել սառած ջրագծերը: Քարվաճառի քաղաքային ջրագծի մեծ թերություններից է նաև վթարային հոսարանների բացակայությունը: «Ջրային խուլիգանների» կողմից պարբերաբար անջատվող մայր ջրագծի ողջ ջուրը թափվում է փողոցները՝ դրանք վերածելով անանցանելի սառցադաշտերի: Ցավոք, շրջանային իշխանությունների և իրավապահ մարմինների անհասկանալի անտարբերության պայմաններում խնդիրը վերածվում է հանրային մեծ չարիքի: Ժամանա՛կն է ոչ միայն խոսել նոր ջրագիծ անցկացնելու բարի մտադրությունների մասին, այլև գործուն միջոցներ ձեռնարկել՝ քաղաքի ջրամատակարարման մայր հանգույցն՝ անհասկանալի անհատների կամայական միջամտություններից զերծ պահելու ուղղությամբ: Ժամանա՛կն է նաև օժտել քաղաքապետարանն անհրաժեշտ տեխնիկական և մարդկային միջոցներով՝ դեպի գլխավոր փողոցներ անարգել թափվող ջրահոսքերը կտրելու կամ նվազ վնասակար ուղիներով շեղելու համար:

Եվ մի կարևոր նկատառում ևս: Քարվաճառի ապագա ջրագիծը նախագծելիս հարկ է գիտաակցել, որ քաղաքի բնակչությունը համարյա ամբողջությամբ մեծ խնամքով մշակում է տնամերձ հողամասերը, որոնց պարգևած բերքը շատերի համար նշանակալից պատվար է՝ ընտանիքի պարենային ապահովությունը երաշխավորելու համար: Ուստի, ներկայիս ջրագիծը, առավել վթարային հատվածների նորոգոմից հետո, միանգամայն նպատակահարմար է պահպանել՝ որպես ոռոգման ջուր մատակարարող ենթակառուցվածք, որի համար պետությունը, եթե կամենա, կարող է նաև վարձավճար պահանջել: Խնդիրը կարևորվում է, քանի որ նոր ջրագծի հետ տեղադրվելիք ջրաչափերը զրկելու են քաղաքացիներին կառուցվելիք ջուրը ոռոգման նպատակներով օգտագործելու պատեհությունից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել