Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Մանվել Բադեյանը, պատասխանելով հարցին, թե բարոյակա՞ն է, որ նույն խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀՀ բնակչությանը խորհուրդ է տալիս «էկոնոմիա անել», ասաց, որ ինքն էլ է մտածում խնայելու մասին, և դա իր մոտ ստացվում է: Օրինակ՝ այսօր, ստանալով 300 հազար դրամի հաշիվ, որոշում է կայացրել պատուհանները փոխել, որ ջերմային կորուստները քիչ լինեն:«Էկոնոմիայի մասին բոլորը պիտի մտածեն՝ անկախ նրանից՝ ինչքան փող ունեն»,- ասում է Մանվել Բադեյանը:
- Պարո՛ն Բադեյան, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին ի՞նչ կասեք:
- Դրանց ծանոթ չեմ, ես երեկ եմ վերադարձել, սաղ օրը քնել եմ և, ըստ էության, որևէ բան չեմ կարող պատասխանել, մինչև չկարդամ, չհասկանամ՝ ով ինչ է ասել:
- Այնուամենայնիվ, բարոյական հարթության մի խնդրի մասին: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով պատասխանել էր Ռոբերտ Քոչարյանին և ասել, որ «գազային համաձայնագրերի» այս գործարքը շատ ավելի լավն էր, քան «Գույք՝ պարտքի դիմաց» -ը, բայց Արմեն Մովսիսյանը նախարար էր նշանակվել հենց Ռոբերտ Քոչարյանի կողմից. եթե դեմ էր այդ գործարքներին, կարող էր հրաժարական տալ: Էլ չեմ ասում՝ ՀՀԿ «երիտթևի» մասին, որոնք ժամանակին ջերմեռանդությամբ գովաբանում էին Քոչարյանին: Այստեղ սխալ տրամաբանություն չե՞ք տեսնում:
- Այդ հարցերը, ցավոք սրտի, մեր երկրում որոշվել են միանձնյա, շատ ժամանակ, և տարբեր տեսակետներ կարող են լինել՝ կախված մարդու տեղեկացվածությունից: Միգուցե, Արմեն Մովսիսյանն իր տեղեկացվածության աստիճանից դատելով՝ էդպիսի եզրակացություն է անում, բայց ստիպված է եղել այդ գործարքին մասնակցել: Իսկ, միգուցե, շատ ավելի գաղտնի ինֆորմացիա կա, որին չի տիրապետել ժամանակին և դրա համար իր գնահատականն այդպիսին է: Ես ինքս չեմ կարող մեկնաբանել այդ Ձեր ասած գործարքի առավելություններն ու թերությունները, որովհետև քաջ գիտակցում եմ, որ ամբողջ ինֆորմացիային չեմ տիրապետում: Վստահ եմ, որ այն ժամանակ էլ դա քննարկվել է, իր բոլոր թերություններով, և երկրի նախագահը միշտ իր երկրի շահերն է պաշտպանում, դրա մասին ես կամ Դուք կարող ենք և չիմանալ:
- Համարում եք, որ հիմա՞ էլ են նման որոշումները միանձնյա ընդունվում, հետևաբար, Կառավարության ներկայացուցիչները հիմա՞ էլ անկեղծ չեն՝ դրանք դրական լույսի ներքո ներկայացնելով: Մասնավորապես, նույն Արմեն Մովսիսյանը:
- Ես կարծում եմ, որ վերջնական որոշումն, իհարկե կայացնում է Նախագահը, հինը թե նորը, վստահ եմ, որ լինի նո՞րը թե հինը, երկուսն էլ ամենից առաջ առաջնորդվում են երկրի շահերից, իսկ մեկնաբանությունները կարող են լինել տարբեր՝ կախված մարդկանց տեղեկացվածությունից: Ողջ ինֆորմացիային, իհարկե, տիրապետում են միայն նախագահները: Դրա համար, երբեմն քննադատությունները, որ թվում են արդարացի, արդարացի չեն եթե նայում ես ամբողջ համատեքստում, և պետք է հասկանալ, որ դրանք անհրաժեշտ քայլեր էին, անհրաժեշտ՝ որոշումներ: Քաղաքականության մեջ որևէ լոկալ հարց չկա, բոլորը շաղկապված են:
- Հիշո՞ւմ եք՝ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր՝ «իշխանության համար պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի է», հիմա, կարծիք կա, որ հենց իշխանության համար պայքար է սկսվել:
- Ես չեմ կարծում, որ սա իշխանական պայքար է, ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական գործիչ իր տեսլականները ունի երկրի զարգացման վերաբերյալ և երկու մարդ դրա մասին չեն կարող լրիվ նույն ձևով մտածել: Եվ ներկայացնում է իր տեսլականները, և դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում: Դրա տակ քողարկված քաղաքական պայքար ևս չեմ տեեսնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



