2010թ. ապրիլին ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահության նիստում որոշում ընդունեցինք դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով հանդես գալ օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ և Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը՝ մայիսի 16-ը, հռչակել ՈՒսանողության օր: Այն ժամանակ մենք՝ ուսանողներս, համոզված էինք, որ մեր հասարակության կյանքում իր կարևորագույն տեղն ու դերն ունեցող սոցիալական խումբը՝ ուսանողությունը, պետք է ունենա իր Ազգային տոնը: Օրվա ընտրության հարցում երկար չմտորեցինք, որովհետև ամենահարմարը հենց Մայր բուհի հիմնադրման օրն էր. ԵՊՀ-ում են ուսանում ամենաշատ թվով ուսանողները, մայիս ամիսը խորհրդանշվում է հաղթանակների հետ և այլն: Նման պրակտիկա կիրառվել է նաև մի շարք այլ երկրներում. օրինակ ռուս ուսանողների ամենասիրելի տոնը Ռուսաստանի Ուսանողության օրն է, որը նշվում է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հիմնադրման օրը: Քիչ առաջ ուրախությամբ տեղեկացա, որ մեր առաջարկը քննարկվել է Կառավարության նիստում և արժանացել է հավանության: Հազարավոր ուսանողներ արդեն կունենան իրենց Ազգային տոնը, ինչի առիթով շնորհավորում եմ բոլոր հայ ուսանողներին: Խորին շնորհակալությունս եմ հայտնում նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և ԵՊՀ ղեկավարությանը՝ մեր առաջարկը կյանքի կոչելու համար: Հուսանք, որ Ազգային ժողովում ևս հարց դրական լուծում կստանա և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կիրականացվի համապատասխան փոփոխությունը:



