Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում շարունակվում են արյունալի մարտերը թուրքական բանակի և քուրդ ապստամբների միջև:
Հունիսի 19-ի վաղ առավոտյան «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի զինված ուժերի միջև բախումներ էին սկսվել Հաքքարի նահանգում` թուրք-իրաքյան սահմանի մոտակայքում:


Առավոտվա տվյալներով` թուրքերը կրել էին 8 կորուստ, քրդերը` 10: Երկու կողմերն էլ մեծ թվով վիրավորներ էին ունեցել:

Արդեն երեկոյան թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե Թուրքիայի բանակի 4000 հոգանոց զորաջոկատը շրջապատել է 300 հոգանոց քրդական խմբին:

Շրջափակման ժամանակ թուրք զինվորները 16 քուրդ են սպանել` տալով 3 վիրավոր:

Գործողությունները դեռ շարունակվում են: Թուրքական ցամաքային զորքերին միացել է օդուժը:

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական մարքսիստական-լենինիստական ուղղվածության կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում (Աղձնիք)՝ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում:

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է 1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող մոտ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է ավելի քան 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական են համարում աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել