1in.am-ը գրում է.
Նախագահական նախորդ ամենամյա ուղերձի ժամանակ Բարաք Օբաման խոսեց, իր խոսքերով՝ մեծ առաջընթացի մասին։ Սակայն 2013 թվականն իրականում դարձավ նրա համար քաղաքական առումով դժվար տարի, ինչի գլխավոր պատճառը բժշկական համակարգի բարեփոխման իր ծրագրի անհաջող սկիզբն էր։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Այս տարի նախագահը հույս ունի կենտրոնանալ շատ հարուստների ու միջին դասի եկամուտների միջև տարբերությունը փոքրացնելու խնդրի վրա։ «Այնպես, որ որևէ մեկը դուրս չմնա տնտեսության վերականգնման բարիքներից»,- ասում է նա։
Իսկ ինչպես քաղաքական հարցերով վերլուծաբաններից շատերը, այդ թվում Ռոն Բոնջին է ասում՝ հանրապետականներն էլ շարունակելու են պախարակել Օբամայի առողջապահական ծրագիրը։
Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահ Ջոն Բեյների խոսքերով՝ իր կուսակցությունը պիտի ամեն ինչ անի, որ նվազեցվեն սոցիալական նպաստների ծրագրերը։ Նա հիշեցնում է, որ նախագահն ու նրա դեմոկրատ կուսակիցները չեն ցանկանում քննարկել այդ հարցը, քանի դեռ հանրապետականները չեն համաձայնվել բարձրացնել հարուստների հարկերը։ «Իսկ մենք դա անել չենք պատրաստվում»,- ասել է նա։
Պատմությունը ցույց է տվել, որ երկրորդ պաշտոնավարման ընթացքում թուլանում են ԱՄՆ նախագահների քաղաքական հիմքերը։ Վերլուծաբան Ջոն Ֆորթիերի խոսքերով՝ նախագահներն այս ընթացքում ավելի հաճախ են ընդհարվում Կոնգրեսում մրցակից կուսակցությունը ներկայացնող օրենսդիրների հետ։ «Այնպես որ՝ նախագահը չի ունենում իր օրակարգը Կոնգրեսի համաձայնությամբ իրականացնելու այն հնարավորությունը, որն ունեցել էր առաջին 4 տարիներին»։
Իսկ դա վկայում է այն մասին, որ քաղաքական պայքարը մինչև Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններն ավելի է սրվելու։ Հանրապետականները, ովքեր այսօր մեծամասնություն են կազմում Կոնգրեսի միայն մեկ պալատում՝ Ներկայացուցիչների տանը, ամեն ինչ պիտի անեն մյուս պալատում՝ Սենատում ևս մեծամասնություն դառնալու։
Ամերիկացիները նոյեմբերին ընտրելու են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին, 100 տեղանոց Սենատի մեկ երրորդին, ինչպես նաև 50 նահանգներից 36-ի նահանգապետերին։



