Քտուլխուն՝ քաղաքական միավոր է, Քտուլխուապաշտությունը՝ քաղաքական բարդույթ, որին ենթարկվել ենք նաև մենք՝ լրագրողներս։ Ռոբերտ Քոչարյանի հեռակա արտահայտվող մտաշարժությունները ու, առավել ևս լրատվական դաշտում դրանց արձագանքը, իդեալապես արտահայտում են այն «Քտուլխուացավը», որով տառապում է մեր լրատվական դաշտը։ Կա մի Քտուլխու, որը շատ հզոր է ու վախենալու, վախեցե՛ք, նա մի օր կարթնանա անպայման, մինչ այդ մեկ-մեկ իր անունից հայտարարություններ են հնչում, դուք կարևորը միշտ հիշեք, որ Քտուլխուն իրական է, կգա բոլորիդ կուտի։ Ու օ... հրաշք. ողջ քաղաքական դաշտի քննարկման առաջնային թեման Քոչարյանի հարցազրույցն է, Քոչարյանի մեկնաբանությունը, Քոչարյանի մտքերը, վախերն ու ենթադրություններն են։
Իսկ մինչ բոլոր իշխանություններն ու չիշխանությունները, դիմություններն ու ընդդիմությունները զբաղվում են պատմության զնդանից փոշու ու կեղտի միջից եկող «Քտուլխացավով», ունենք բազմաթիվ իրական խնդիրներ, որոնցով պետք է զբաղվել՝ պատերազմական վիճակ ու բանակ, տնտեսական մթնոլորտի բարելավում, տելեկոմունիկացիաները ոլորտի զարգացում, ճանապարհների կառուցում, շրջափակման վերացում, հազար իրական խնդիրներ կան, որոնք այսօրվա լրատվական դաշտը ունակ չէ, քանի որ Քտուլխուապաշտությունը ավելի հզոր է, իսկ Քտուլխուի մասին հոդվածները ավելի լավ են ընթերցվում, քան, օրինակ, տնտեսական խորը որևէ վերլուծություն, որը պատրաստելու համար անհրաժեշտ են երբեմն ամիսներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել