1in.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Ուկրաինայի իշխանություններին և բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ է արել չապավինել ուժի կիրառմանը: Այս մասին նա ասել է ԱՄՆ սենատի արտաքին հարցերով կոմիտեի լսումների ժամանակ, որոնք նվիրված էին Ուկրաինայի քաղաքական ճգնաժամին՝ հաղորդում է BBC-ն:
«Ինչպես ուկրաինացիների մեծամասնությունը՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ում մեր գործընկերները ցանկանում են, որ ներկայիս քաղաքական հակասությունը կարգավորվի քաղաքական, ժողովրդավարական և, նախևառաջ, խաղաղ ճանապարհով: Վերջինը վերաբերում է և կառավարությանը, և բողոքի ակցիայի մասնակիցներին»,- նշել է նա:
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին ասել է, որ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելը պատերազմ չէ Ռուսաստանի դեմ: Նրա կարծիքով՝ դա առաջին հերթին օգնություն է Ռուսաստանին՝ դառնալ նորմալ հետկայսերական երկիր:
Բժեզինսկին նշել է, որ Ռուսաստանի եվրոպական զարգացմանը խանգարում է Վլադիմիր Պուտինը, և որ նրա՝ Եվրասիական նախագիծը դատապարտված է ձախողման:
«Պուտինի փողերը վերջանում են: Ամենայն հավանականությամբ, նա ստիպված կլինի հաղթահարել ճգնաժամի հետևանքները: Նրա օգնությունը Յանուկովիչին ևս ունի իր սահմանները»,- հավելել է Բժեզինսկին:



