Եթե դու հայտնվել ես հեռուստատեսությունում ու քեզ ճանաչում է հասարակության մի ստվար զանգված (թեկուզ որպես այսինչ հեռուստասերիալի այսինչ կերպար), դա դեռ չի նշանակում, որ դու նաև հրաշալի երգիչ ես: Ինչևէ, այս տեսահոլովակը դետելիս առաջին վայրկյաններին մտածեցի, թե հումորային տեսանյութ է, որովհետև Գրիգոր Դանիելյանին գիտեմ Երե1 հումորային հեռուստասերիալից: Բայց արի ու տես, սա ոչ այլ ինչ է, քան դուետ, տեսահոլովակի պրեմիերա: Գրիգորի կնոջը չեմ ճանաչում: Չգիտեի՝ նա երգում է, թե ոչ: Փորձեցի փնտրել նրա նախորդ տեսահոլովակներից: Գտա!!! Փաստորեն սա Գրիգորի և նրա կնոջ՝ Հռիփսինե Ելինյանի առաջին տեսահոլովակը չէր: Որքանով կարողացա ծանոթանալ նրանց երգարվեստին, այս նոր երգը ոչնչով չի զիգում նախորդներին, սակայն քանի որ «Ետ դարձիր» երգն ու տեսահոլովակը թարմ եմ, խոսում եմ հենց այս մեկի մասին: Եթե տեսահոլովակի թողարկման ամսաթիվը աչքովս չընկներ, այլ պարզապես այն լսեի, օրինակ, երթուղային տաքսու մեջ, կկարծեի, որ սա 90-ականներից հուշ մնացած երգերից մեկն է: Ցավոք, ոչ: Իմ մեջ հարց է առաջանում. եթե սա անվանում ենք էստրադային երաժշտություն, ապա ինչո՞ւ, ասենք, վերջին 20 տարիների ընթացքում այս ժանրում որևէ պրոգրես չի նկատվում: Կամ էլ պրոգրես կա, սակայն հայկական հեռուստաեթերը խիստ պահպանողական է: Ինձ համար նման երաժշտություն լսելը նույն զգացողությունն է առաջացնում, ինչպես օրինակ Յուրի Շատունովի կամ Ռուկի վվեռխի երգերը այժմ լսելիս: Հասարակության մեծ մասի կարծիքն ու ճաշակը ձևավորում է հեռուստատեսությունը, իսկ այն ինչ այսօր հրամցնում է վերջինս, մեղմ ասած,  արվեստի հետ կապ չունի: Սա էլ հենց այդ ժանրից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել