1in.am-ը գրում է.

Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը, ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում՝ կապված ԵՄ-ում Հունաստանի նախագահության հետ, հայտարարել է, որ երկրի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից, և շնորհակալություն է հայտնել Եվրոպայի ժողովուրդներին Հունաստանին աջակցելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Հունաստանը (տնտեսությունում անկման) 6 տարիներից հետո վերադառնում է զարգացման փուլ: Ես հպարտանում եմ, որ երկիրը կրկին ոտքի է կանգնել: Հունաստանը ճգնաժամից տուժել է առավել, քան ցանկացած այլ երկիր: Տուժել է երկրում իրականացված սխալներից, միասնական արժույթի ներմուծման սխալներից, (օգնության) առաջին ծրագրի սխալներից, որը թերագնահատել էր ռեցեսիայի հետևանքները: Հունաստանը փորձությունների միջով անցավ և ողջ մնաց: Այժմ այն ընթանում է առողջացման և վերականգնման ուղով»,- ասել է Սամարասը:

Նրա խոսքով՝ Հունաստանը կատարել է իր բոլոր պարտավորությունները, կառավարությանը հաջողվել է կայունացնել տնտեսությունը, և 2014-ին տնտեսությունը կսկսի վերականգնվել 6 տարի շարունակված անկումից հետո: Վարչապետն ասել է, որ Հունաստանը կշարունակի բարեփոխումները:

Խոսելով ԵՄ-ում Հունաստանի նախագահությունից և Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններից՝ Սամարասը հանդես է եկել Եվրախորհրդարանի դերի ուժեղացման օգտին:

«Մենք վստահ ենք, որ դրա լիազորությունների ընդլայնմամբ միասնական Եվրոպան կդառնա քաղաքացիներին ավելի մոտ: Ճգնաժամը ցույց է տվել, որ մեզ անհրաժեշտ է մեծ և լավ Եվրոպա: Ես վստահ եմ, որ եվրոպական ընտրություններում քաղաքացիները պետք է քվեարկեն ոչ թե ճգնաժամի դառը զգացումով, այլ այն զգացումով, որ ճգնաժամը հաղթահարվում է»,- նշել է հույն վարչապետը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել