Առաջին հայացքից թվում է, թե ես չէ, որ պետք է այս պահին խառնվեմ ՀՀ երկրորդ նախագահի և վարչապետի «բանավեճին»։ Երկուսի իմ և քաղաքական, և տնտեսական ընդդիմախոսն եմ։ Համարում եմ, որ երկուսն էլ անսահմանորեն օգտագործել են հանրային ռեսուրսները սեփական կարիքները բավարարելու նպատակով, կատարել և կատարում են վատորակ պետական աշխատանք և սոսկ փորձում են իրենց յուրացումներին գիտական բացատրություն տալ։ Քոչարյանի մասով, բացի այդ, կան նաև հոկտեմբերի 27-ը ու մարտի 1-ը։ Ինչևէ, կարծես թե, իրար գզում են թող գզեն։ Կարծես թե սա պետք է լինի իմ դիրքորոշումը։ Երեկ, այսօր, սակայն, մամուլին հետևելով, տեսնում եմ միտում. իբր թե վարչապետը տվել է մասնագիտական վերլուծություն և սպասենք տեսնենք, թե դրան ինչ պատասխան կտա երկրորդ նախագահը։ Կարդում եմ վարչապետի այդ “մասնագիտական” վերլուծությունը ու տարակուսում. փաստորեն նպատակը հանրությանը շշպռելն է. իրականում այդ թուղթը գրողը հասկացել է, որ վերլուծություն չկա, բայց որոշել է մասնագիտական բառակույտերի ու գրաֆիկական դիագրամների ազդեցության ներքո շեղել հանրության ուշադրությունը բուն թեմայից։ Հետն էլ երևի մտածել է, թե եթե կարող եք հասկացեք ինչ ենք գրում, կարող եք պատասխանեք։ Երկրորդ նախագահն, ի դեպ, այսօր պատասխանել է։ Շինարարության մասով պարզապես ասել է, որ վարչապետը ծածկադմփոց է անում և ավելի մանրամասն կանգ է առել Հայռուսգազարդի և կուտակային կենսաթոշակների թեմատիկայի վրա։
Այնուամենայնիվ շինարարական փուչիկի մասով պատասխանել պետք է։ Եվ վարչապետին (հերթական անգամ տնտեսագիտորեն անհիմն, իր և բոլորի համար անհասկանալի շիլաշփոթ ներկայացնելու համար) և երկրորդ նախագահին.չ՞է որ մի օր է գալիս, երբ պետք է պատասխան տալ արածներիդ համար։ Ուստի որոշակի դադար տալուց հետո արտահայտվում եմ խնդրի շուրջը։
Եվ այսպես, 2013-ի դեկտեմբերի վերջին վարչապետը, փորձելով արդարացնել տարվա կտրվածքով տնտեսական աճի ցածր տեմպերը, նշում է, որ երկնիշ տնտեսական աճի տարիներին (իսկ դրանք ընգրկում են 2001-2007թթ.) բարձր թվերը ստացվել են շինարարական փուչիկի հաշվին։ Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության 2001-2007թթ գումարային տնտեսական աճը կազմել է 109% (համեմատության համար նշենք, որ այսօրվա նախագահի օրոք՝ 2008-2013թթ., գումարային տնտեսական աճը կազմել է (կկազմի) ընդամենը 8-9%։ Վարչապետը դեկտեմբերի վերջին նաև «բացատրել» է 2001-2007թթ բարձր աճի (շինարարական փուչիկի) պատճառը՝ ինչ-որ բարձր գնաճեր (տարեկան 15-20%)՝ նշելով, որ դրան հատուկ կանդրադառնա։ Երկրորդ նախագահը հակադարձել է վարչապետին ասելով, որ ի՞նչ փուչիկի մասին է խոսքը։ Նախ, շինարարության անկման պատճառը (կամ պատճառներից մեկը) մարդկանց արտագաղթն է (իսկ 2001-2007թթ միջին տարեկան 15-20 հազ մարդու փոխարեն 2008-2013թթ միջին տարեկան արտագաղթը կազմել է 63 հազ մարդ) և, երկրորդ, վարչապետի անկարողականությունը կազմակերպել տնտեսությունը, այդ թվում շինարարությունը։ Օրերս, արդեն 2014-ին, վարչապետը պատասխանել է երկրորդ նախագահին։
Եվ ուրեմն ձեռնամուխ եմ լինում այդ պատասխանի քննական վերլուծությանը։ Անմիջապես նշեմ, որ պատասխանում բացակայում է դեկտեմբերի վերջին վարչապետի կողմից իբրև հիմնավորում ներկայացված գնաճի գործոնը՝ թվային վերլուծությունը։ Այսինքն, վարչապետն այլ վերլուծություն է ներկայացրել։ Դրա առաջին մասը (3 պարբերություն) նվիրված է “շինարարական փուչիկ” հասկացությանը։ Վարչապետն ասում է, որ այդ փուչիկը տնտեսական կատեգորիա է, որ այն առաջանում է, երբ ակտիվի գներն ավելի արագ են աճում, քան բնակչության եկամուտները։ Նա նշում է նաև, որ ակտիվի փուչիկի ծավալումը հնարավոր չէ կանխատեսել և այդ առումով հիշատակում է Գրինսփենի անունը։ Սա բավականին տարօրինակ, հակամասնագիտական «վերլուծություն» է։ Նախ, շինարարական փուչիկ հասկացություն ժամանակակից տնտեսագիտության մեջ չկա։ Առավել ևս այդ անունով կատեգորիա էլ չկա։ Իսկ ընդհանրապես, գալով խնդրի մասնագիտական- մեթոդաբանական կողմին, ժամանակակից տնտեսագետները գերադասում են խոսել սկզբունքներից, ձեռնպահ մնալով օրենք ու կատեգորիա արտահայտություններից։ Փուչիկ կա և այն կապված է (միմիայն) ֆինանսական ակտիվների տրանսֆերտի՝ ֆինանսական միջնորդության հետ։ Բանն այն է, որ Գրինսպենի և Սամմերսի ջանքերով, անցյալ դարի 90-ական թվականներին 1933թ ընդունված Գլասի և Ստիգոլի օրենքն աստիճանաբար էռոզիայի ենթարկվեց։ Ըստ այդ օրենքի բանկերն իրավունք չունեին ներդրումներ անել։ Բանկը կարող է և պետք է վարկավորի տնտեսության զարգացումը։ Բայց ներդրումներ չպետք է անի։ Եթե բանկը զբաղվում է սոսկ վարկավորմամբ, ապա ակտիվների և պասիվների միջև ճեղքվածք չի առաջանում, չկա սուբյեկտիվ գնահատման անհրաժեշտություն, չկա նաև ճեղքվածք ֆինանսական հոսքերի և նյութական հոսքերի միջև։ Անցյալ դարի վերջին ԱՄՆ-ն տառապում էր առևտրի հաշվեկշռի պակասուրդով. Ճապոնիան, Հվ Կորեան, Սաուդյան Արաբիան, Չինաստանը և Ռուսաստանը ԱՄՆ-ում վաճառում էին ավելի շատ, քան ԱՄՆ-ն այս երկրներում։ Դոլարը դուրս էր հոսում։ Կորցնելով տնտեսական մրցակցության մեջ, աշխարհի ՀՆԱ-ում բարձր տեսակարար կշիռը (անցյալ դարի երկրորդ կեսին ԱՄՆ ՀՆԱ տեսակարար կշիռը աշխարհի տնտեսության մեջ 45%-ից իջավ 22%-ի), ԱՄՆ-ն փորձում էր փոխհատուցել այն ֆինանսական միջնորդության գործիքներով։ Պետական արժեթղթերին զուգահեռ ստեղծվեցին մի շարք դաշնային ներդրումային ու գրավի հիմնադրամներ (օրինակ Fanni Mae կամ Freddie Mac), որոնք բարձր տոկոսներով արժեթղթեր էին վաճառում։ Ի դեպ, առանց նման կառույցների անհնարին է կայացնել հիպոթեկի ինստիտուտը։ Դրանց շնորհիվ Ճապոնիայից, Հվ Կորեայից, Սաուդյան Արաբիայից, Չինաստանից (մասամբ), Ռուսաստանից դոլարները սկսկեցին ետ հոսել ԱՄՆ։ Նրանք սկսեցին ֆինանսավորել ԱՄՆ տնտեսության զարգացումը, այդ թվում շինարարությունը։ Ստացվում էր, որքան բարձր է նավթի գինը, այնքան ավելի շահում է ոչ թե վաճառողը, այլ գնորդը։ Այդ փողերի առկայությունը թույլ տվեց ԱՄՆ բանկերին լայնորեն զբաղվել ներդրումային գործունեությամբ։ 1999թ լկտիությունն անցավ չափ ու սահման. ընդունվեց Գրեմի-Լիչի-Բլայլի օրենքը, Գլասի-Ստիգոլի օրենքն ամբողջովին դադարեց գործելուց։ Դրանից հետո 8 տարում (1999-2007թթ) ԱՄՆ ֆինանսական դերիվատիվների շուկան աճեց 60 անգամ։ Անապահով վարկերը ողողեցին շուկան։ Ավելին, հրապարակ իջավ բազմակի ապահովագրության միջոցով սկսզբնական ֆինանսական ռիսկը զրոյացնելու տեսությունը (մարդիկ նույնիսկ նոբելյան մրցանակ ստացան)։ Այսպիսով, դաշնային արժեթղթերը փող էին բերում և հիմա առանց վարկառուի ակտիվների գրավի բանկերը կարող էին փող բաժանել։ Պարզ էր նաև, որ եթե ԱՄՆ-ում ճգնաժամ լինի, ապա կտուժեն մյուսները։ Այն (ճգնաժամը) կարտահանվի։ Ահա ֆինանսական փուչիկի էությունը։ Այն ոչ մի կապ չունի Հայաստանի հետ։ Հայաստանում ոչ ֆինանսական, ոչ առավել ևս շինարարական փուչիկ չի եղել և չէր կարող լինել։ Ի՞նչ է եղել Հայաստանում։ Պարզ բան. արտագաղթը հնգապատկվել է և փոխել որակը։ Հիմա արտագաղթում են հիմնովին և վաճառքի հանում տները։ Ստացվում է ռեզոնանսային ճնշում անշարժ գույքի առաջարկի ու պահանջարկի վրա. նախ, արտագաղթի հետևանքով, պակասում է գնորդների թիվը, և ապա յուրաքանչյուր արտագաղթող խմբի հետ շուկա է նետվում անշարժ գույքի նոր քանակություն։ Դժվա՞ր է սա հասկանալ։
Վարչապետի պատասխանի հաջորդ բաժինը ՀՀ-ում ՀՆԱ աճի մեջ շինարարության մասնաբաժինն է։ Նա ասում է, որ 2000-2007թթ տնտեսական աճի մեջ շինարարության մասնաբաժինը եղել է 40-60%։ Այս ամենի արդյունքում ՀՆԱ մեջ շինարարության տեսակարար կշիռը մի պահ նույնիսկ 25% է կազմել։ Լավ հետո ինչ։ Ի՞նչ կապ ունի սա վարչապետի հասցեին հնչեցրած քննադատության հետ։ Ոչ մի։ Մարդիկ ինչ-որ ձևով ապահովում են տնտեսական աճ։ Հիմա 2008-ին գլխավորելով կառավարությունը վարչապետը, եթե նա տնտեսական աճի նախկին մոդելը սխալ էր համարում, թող նոր մոդել ներդներ։ Ի՞նչ կարիք կա նախկինը բողոքելու։ Եթե դա արվում է ավելի լավ մոդել առաջարկելու համար (2001-2007թթ տնտեսական աճը ես էլ եմ քննադատել, այն անվանելով ռեսուրսատար և էներգատար), ապա հասկանալի է։ Բայց չի կարելի ասել, թե գիտեք ինչ, ոչ թե ես եմ դանդաղ աճում, այլ դուք էիք արագ զարգանում։ Եվ հետո, չ՞է որ 2001-2007թթ շինարարական բումի քավորներից մեկն էլ այս վարչապետն է եղել։ Նախևառաջ, 2001-2007թթ շինարարության ծավալը 110 մլրդ-ից հասել է 671 մլրդ. չրամի։ Ընդ որում պետական միջոցների հաշվին կատարված շինարարությունը համապատասխանաբար կազմել է 10.2 և 67.5 մլրդ դրամ կամ ամբողջ շինարարության ընդամենը 9-10%-ը։ Մնացածը, շինարարության մեծ մասը (մինչև 80%-ը) բանկային վարկն է։ Իսկ այս ոլորտը հենց այսօրվա վարչապետն էր գլխավորում։ Էլ ի՞նչի դեմ է բողոքը։ Փուչիկ չէիր ուզում շինարարական վարկերը պահուստավորեիր։ Ավելին, 2008-ին ներկայիս վարչապետը ԿԲ-ից տեղափոխվում է կառավարություն և շինարարության ծավալները 671 մլրդ դրամից հասցնում է 859 մլրդ դրամի։ Բա որ այդքան խելոք էիր ու հասկանում էիր ինչ բան է դիվերսիֆիկացիան, ի՞նչու էիր ավելացնում շինարարության ծավալները։ 2009-ին տառացիորեն տագնապ էի բարձրացրել. դադարեք ֆինանսավորել առաջարկը, դրանով խորացնում եք ճգնաժամը (տես «2008-2009թթ տնտեսական ճգնաժամը և Հայաստանը», Չորրորդ իշխանություն, N 36, 37, 38, 39 2010թ)։ Հապա ի՞նչու էիք ՌԴ-ից 500 մլն դոլար վարկ վերցնում ու բերում բաժանում շինարարներին, ավելացնում անավարտ շինարարության ծավալները։
Վարչապետի «մասնագիտական» վերլուծությունը եզրափակում են հիպոթեքային վարկավորման մասին դիագրամները դրանց ծավալների ու տոկոսադրույքների մասին։ Այստեղ մնում է միայն զարմանալ. բողոքում է շինարարության փուչիկ լինելուց, բայց արի ու տես որ ինքը հիպոթեքային վարկերի ծավալները 10 մլրդ դրամից (2005թ) հասցնում է 141 մլրդ դրամի (2013թ)։ Նախ, դու սրա հետ ի՞նչ կապ ունես։ Այդ ի՞նչպես է լինում, որ 2001-2007թթ շինարարության վարկավորման հետ կապ չունես (երբ ԿԲ Նախագահ էիր), իսկ այս վարկավորման հետ կապ ունես (երբ վարչապետ ես)։ Ի՞նչու ես զարգացրել այս վարկավորումը։ Որ ճգնաժամը խորանա՞։ երկրորդ, այդ ի՞նչ տոկոսադրույքներ ես նշում։ Կարելի՞ է տեղեկատվության մեջ չխաբել։ Գրում եք թե վարկային տոկոսադրույքները 15-17%-ից իջեցրել եք 12%-ի։ Մի հատ հետաքրքրվել եք, թե այդ ընթացքում ինչպես են փոխվել վարկերի ժամկետները, քանի վարկ է վերավարկավորվել, այսպես կոչված սպասարկման ծախսերը, ազատ մնացորդը, միջոցների կանխիկացումը։ Դրան զուգահեռ առանց վերը նշված կառույցների միայն բնակարանը գրավ դնելով հիպոթեկ լինու՞մ է։ Բացի դա մի հատ ստուգեք էլի այդ 12%-ը, վերահաշվարկեք։
Այսպիսով, վարչապետի մասնագիտական վերլուծությունը համ սխալ է (կոպիտ, շատ կոպիտ սխալ), համ էլ խնդրի հետ կապ չունի։ Ավելի ճիշտ, հակառակն է, հենց նա է փորձել անարդյունք խրախուսել շինարարությունը։ Այ այս մակարդակով է այս կառավարությունը վերլուծություններ անում ու կիրառում գործնական կյանքում։ Կարե՞լի է պատկերացնել մի կառավարություն, որը մինչև հիմա չի հասկացել (ոչ տեսականորեն, ոչ գործնականում), թե ինչ բան է ֆինանսական փուչիկը։
p.s. Քանի որ այս “բանավեճի” արդյունքում շոշափվել է նաև պարտադիր կուտակային կենսաթոշակների հարցը, ուզում եմ մի վերջին անգամ արտահայտվել սրա շուրջը։ Այս մտքերը պարզապես հասցեագրում եմ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին։ Եվ այսպես, երկրորդ նախագահը նույնպես քննադատում է պարտադիր կուտակային համակարգը։ Սակայն միևնույն ժամանակ նշում, որ երկու մոդելների միջև (պարտադիր կուտակային և սերունդների համերաշխության մոդելներ) հակասություն կա և այդ հակասությունը պետք է լուծել այսպես. ընտրություն կատարել ելնելով երկրի կոնկրետ առանձնահատկություններից։ Ոչ, այդպես չէ։ Դրանց մեջ հակասություն չկա, եթե ճիշտ ես համադրում։ Տնտեսագիտության տեսությունը և կառավարման պրակտիկան վաղուց լուծել են այդ թվացող հակասությունը։ Ներկայումս սերունդների համերաշխության և պարտադնր կուտակային համակարգերը համարվում են բացարձակապես կոհերենտ։ Լուծումը հստակ է և ես ու ինձ հետ այդ խնդրի վրա աշխատող գիտնականների միջազգային խումբը փորձաքննության է ենթարկել հայկական կուտակային համակարգը և եկել այն եզրակացության, որ այս ամսին ներդրվող իտարբերակը պարզապես աղետ է։ Միևնույն ժամանակ կան մի քանի քայլեր, որոնք արմատապես շտկում են համակարգը և այն շատ սահուն ձևով հարմոնացնում գործող «սերունդների համերաշխության» սկսզբունքով աշխատող համակարգի հետ։ Դրանց մասին ես արտահայտվել եմ ԱԺ-ում։ Բանի տեղ չեն դրել։ Մի վերջին անգամ հնչեցնում եմ առաջարկներս ՀՀ ներկայիս նախագահի համար։ Վաղն այլևս ուշ է լինելու։ Եվ այսպես, շտապ կարգով ներկայումս ուժի մեջ մտցրած համակարգում պետք է կատարել հետևյալ սկսզբունքային փոփոխությունները.
- պարտադիր կուտակայինին կատարված վճարումների դիմաց տարեվերջին գործավորը որոշակի հարկային արտոնություն է ստանում (կվերանա պարտադիրի անհրաժեշտությունը),
- գործավորի հետ միասին վճարում է գործատուն (պետությունը վճարում է միայն այն ժամանակ, երբ ինքը գործատուն է) և նույնպես որոշակի հարկային արտոնություն է ստանում,
- յուրաքանչյուր 10 տարին մեկ գործավորն ազատ է տնօրինելու կուտակված գումարները (ներկայիս ձևը՝ 45 տարվա դեպոզիտը աննախադեպ շռայլություն է համաշխարհային պատմության մեջ. նման ժամկետայնության խնայողության ինստիտուտները ֆանտաստիկայի ոլորտից են),
- բացառել այդ միջոցների դուրս բերումը երկրից ակտիվների դիվերսիֆիկացիայի անվան տակ. հայոց պետականությունից դենը այլ բան չկա և ուրեմն պետք է պետության անունից նվազագույն (տոկոսներով) երաշխիքներ տալ մեր երկրի արտադրական ու սոցիալական ենթակառուցվածքներում ներդրումների դիմաց,
- իջեցնել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը մինչև 200 մլն դրա (500-ից)։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել